Կարևոր իրադարձություններ

Արման Մուսինյան. Նրանց Հայաստանն ու Արցախը պետք չեն, եթե իրենք չեն իշխում

06 Հունիս, 2020 19:28
Արման Մուսինյան. Նրանց Հայաստանն ու Արցախը պետք չեն, եթե իրենք չեն իշխում

Նախագահ Տեր-Պետրոսյանի երեկվա անդրադարձին, ինչպեսև սպասելի էր, հաջորդեց նյարդայնացած արձագանքների մի ալիք։ Քաղաքականությամբ զբաղվող անձանց ու ուժերի մի իսկական «աստղաբույլ»։ Նյարդայնացածների ճնշող մեծամասնությունն էլ, բնականաբար, քաղաքական այն շրջանակների ներկայացուցիչներն ու սերտ համագործակցողներն էին, որոնք անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի հետ վարվում էին օտար նվաճողներին հարիր՝ կողոպտելով ու քամելով երկրի հարստությունը, խեղելով մեր պետական արժեքները։

Իհարկե, պետք չէ պատրանքներ ունենալ, որ տվյալ գործիչների ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այս ամենն անում է փորձառության պակասի, չպատկերացնելու կամ մոլորված լինելու պատճառով։ Հակառակը՝ իշխանության վրա հարձակման ինտենսիվությունն ու սերտ կոորդինացման առկայությունը վկայում են հստակ գիտակցված ու պլանավորված վարքագծի մասին։  Այդուհանդերձ, հասկանալով, որ մանրամասն որևէ բացատրություն նրանց հակապետական գործողություններում ոչինչ չի փոխելու,  առավել մանրամասն պարզաբանելու և զուգահեռելու անհրաժեշտություն կա՝  նրանց գործողությունների իրական մոտիվները մերկացնելու համար։

Եվ այսպես, հիմնական «հակահարվածը» Տեր-Պետրոսյանի ներկայացրած պարզագույն տրամաբանական շղթային՝ հետևյալ դրույթներն են։

1․ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պատերազմը, երկիրը գլորվում է անդունդ, ձախողվել են մյուս բոլոր ոլորտները, հետևաբար ժամ առաջ պետք է ազատվել այս իշխանություններից։

Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ուրեմն, օրինակ 2016 թ․ ապրիլյանի ժամանակ բոլոր քաղաքական ուժերը  պետք է մի կողմ դնեին պատերազմի հանգամանքն ու լծվեին իշխանությանն օր առաջ հեռացնելու գործին։ Որովհետև․

-          Իշխանությունը ձախողել էր պատերազմի կանխատեսումը (դա նրանք ընդունեցին հետագա քայլերով),

-          Բանակը կռվում էր 80-ականների զենքով (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

-          Բանակի դիզվառելիքը գողացվել էր (ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերն են),

-          800 հեկտար հող էինք կորցրել (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

-          Կոռուպցիան, հովանավորչությունը, ապօրինություններն ուղղակի խժռել էին ողջ պետական համակարգն ու զինված ուժերը (քաղաքական ուժերի ու հասարակության ճնշող մեծամասնության համոզմունքն էր)։

-          Ի տարբերություն ներկայի, երկրում առկա էր ոչ լեգիտիմ իշխանություն։

Հիմա փորձեք հիշել, թե նույն մարդիկ, ովքեր այսօր փրփրած հարձակվել են իշխանությունների վրա, ինչ դիրքորոշումներ են հայտնել այն օրերին։ Զարմանալիորեն կտեսնեք, որ դրանց ճնշող մեծամասնությունը հասարակությանը փորձում էր համոզել, որ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ։ Այսօր դրա հակառակն են անում։ Տարբերությունը մեկն է։ Նրանք այն օրերին կամ իշխանություն էին կամ մերձիշխանական շրջանակներում։ Հետևաբար, նրանց մոտիվը բացառապես անձնական էր և է, այլապես նույնպիսի դիրքորոշում կունենային նաև այսօր և միշտ՝ անկախ իրենց կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից։ Իսկ մի քանի գործիչներ այս պարզ ճշմարտությունն այդպես էլ ունակ չեղան ընկալել ոչ Ապրիլյանի ժամանակ, ոչ էլ այսօր։

Ապրիլյանի քառօրյայի ժամանակ Արցախի ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արշավիր Ղարամյանը գրել է․ «Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից»:

Հարգարժան պարոն Ղարամյան, եթե նույնիսկ առաջնորդվենք Ձեր առաջարկած տրամաբանությամբ և նույնիսկ ընդունենք, որ կորոնավիրուսի պատերազմի ընթացքում, ինչ-որ մի պահի իշխանությունը տանուլ է տվել մի մարտ (պատերազմը դեռ չի ավարտվել, չէ՞), ապա Ապրիլյանի օրերին քաղաքական ուժերը պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, բարձրագույն ղեկավար կազմի, այդ թվում՝ Ձեր հրաժարականը։ Օր առաջ։ Հեռացնեին, կամ որ ավելի ճիշտ է՝ տապալեին օրվա իշխանությանը։ Վերը նշված պատճառներով։ Սա՞ է Ձեր ուզածը։ Մի՞թե պարզ չի, որ պատերազմի ժամանակ իշխանության որակի մասին գնահատականներն ու դրանցով պայմանավորված պայքարը միայն վնասում են Հայաստանին ու Արցախին։ Հայրենական պատերազմի առաջին երկու տարիներին սովետական բանակը մարտը մարտի հետևից տանուլ էր տալիս։ Բրեստ, Կիև, Խարկով, Ղրիմ, Հյուսիսային Կովկաս և այլն։ Ինչպե՞ս անձամբ Դուք կվարվեիք այն մարդկանց հետ, որոնք այդ օրերին կոչ կանեին համախմբվելու և հեռացնելու սովետական իշխանությանը։ Ի՞նչ անուն կտայիք և ի՞նչ անձնական ճակատագիր կմաղթեիք նրանց։ Նույնիսկ ավելորդ եմ համարում զուգահեռ անցկացնել Արցախյան պատերազմի հետ։ Դուք տեղյա՞կ եք պատմության մեջ գոնե մեկ պատերազմի, որտեղ միայն հաղթական մարտեր են արձանագրվել։

Մենք տեսել ենք պատերազմի ընթացքում տապալված իշխանություններ, և թե ինչ հետևանքներ են ունեցել դրանք տվյալ երկրների համար։ 90-ականների Վրաստանն ու Ադրբեջանը՝ Ձեզ օրինակ։ Էլչիբեյը, Հուսեյնովը, ի բարեբախտություն մեզ, համարում էին, որ Ադրբեջանի այդ պահի ղեկավարությունը ձախողել է պատերազմը, ու պայքար սկսեցին նրանց դեմ՝ կրկին ի բարեբախտություն մեզ։ Ավելորդ եմ համարում հիշեցնել նաև, որ այսօրվա հակաիշխանական հարձակման մաս կազմող գործիչներից ու ուժերից շատերը նույնը փորձում էին անել Հայաստանում՝ Արցախյան պատերազմի ամենածանր օրերին։

2․ Տեր-Պետրոսյանը նախ պետք է սթափության կոչ աներ իշխանությանը։

Պատերազմական իրավիճակում իշխանության հետ պայմանների լեզվով խոսելը ոչ այլ ինչ է, քան սակարկություն պետության անվտանգության հաշվին։ Դու պիտի անես քո՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՐՎԱԾԵԼՈՒ քայլն ԱՆԿԱԽ ամեն ինչից։ Դու կարող ես զզվել իշխանություններից, ատել նրանց, համարել որ նրանք վարում են կործանարար քաղաքականություն։ Քո այդ համոզմունքը կարող է լինել ճշմարիտ կամ ոչ։ Էական չէ։ Բայց եթե քո ելակետը պետության շահն է ու նրա անվտանգության չխաթարումը, դու չես կարող պատերազմական շրջանի իշխանության հետ համախմբումը պայմանավորել նրա որակով։ Այն պարզ պատճառով, որ ցանկացած երկրում՝ որևէ քաղաքական ուժ որ իշխանության չէ, ամենաբացասական ու ամենակարծր կարծիքն ունի իշխող ուժի մասին։ Հենց համախմբման իմաստն այն է, որ մի կողմ ես դնում քեզ համար ճշմարիտ համարվող կարծիքն ու համախմբվում մի իշխանության հետ, որին համարում ես չարիք (կրկին՝ ճշմարիտ, թե ոչ, էական չէ)։ Եթե լավ կարծիքի լինեինք իշխանության մասին, համախմբման գաղափարն ինքնին իմաստ չէր ունենա։

Ամփոփելով՝ նորից կրկնեմ։ Պատրանքներ չկան, որ այս պարզագույն բացատրությունները բան են փոխելու այս ուժերի վարքագծում։ Այն պարզ պատճառով, որ այս լալահառաչ հայրենասիրության, պետության և քաղաքացիների նկատմամբ արտահայտվող հոգատարության քողի տակ թաքնված է նրանց հիմնական նպատակը՝ իշխանությանը տիրանալը։ Լինի դա կորոնավիրուսից մահացած հազարավոր քաղաքացիների գնով, թե Արցախն ու Հայաստանը փուռը տալու գնով, էական չէ։ Երկու ճակատ (Արցախ ու կորոնավիրուս) ունեցող Հայաստանի  դիմաց այս ուժերն ու գործիչները բացում են երրորդ ճակատը։ Հայաստանն ու Արցախը նրանց պետք չեն, եթե իրենք չեն իշխում։ Սա է այսօրվա հարձակման մասնակից քաղաքական ուժերի ու գործիչների գործունեության իրական դրդապատճառը։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ում հետ գործ ունի։

Խմբ․ կողմից -  նույն թեմային առնչվող «Վտանգավոր մոլորությու՞ն, թե՞ հակապետական վարք» վերտառությամբ մի հոդված Արման Մուսինյանը հրապարակել էր Ապրիլյան քառօրյային հաջորդող շրջանում, որը կարող եք կարդալ այստեղ։

Աղբյուր՝ ilur.am

 

Լրահոս

Դիտել ավելին