Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին (լուսանկարներ)

06 Հունիս, 2020 16:57
Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 6-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով:

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում: Չնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝ փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ Կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:


 

Լրահոս

Դիտել ավելին