Կարևոր իրադարձություններ

«160 հոգանոց դահլիճ Մեղրիում չկա, իսկ ծնունդին մասնակցել են մոտ 50-55 մարդ»․ խախտվել է պարետի որոշումը․ քաղաքապետ

04 Հունիս, 2020 15:57
«160 հոգանոց դահլիճ Մեղրիում չկա, իսկ ծնունդին մասնակցել են մոտ 50-55 մարդ»․ խախտվել է պարետի որոշումը․ քաղաքապետ

«160 հոգանոց դահլիճ Մեղրիում չկա, իսկ ծնունդին մասնակցել են մոտ 50-55 մարդ։ Ընտանեկան խնջույք է եղել, երեխայի 1 տարեկան են նշել։ Երևանից հյուրեր են եղել, եկածներից մեկն էլ վարակակիր է եղել, դրանից հետո մեր եղած 13-ին 8-ն էլ ավելացել է։ Այս պահի դրությամբ ունենք 28 վարկված»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

Զաքարյանը փոխանցեց՝ խնջույքի մասնակիցները բոլորն ինքնամեկուսացված են, մյուսները, որոնք հիվանդանոցային բուժման կարիք ունեն Կապանի բժշկական կենտրոնում են։

«Մեզ մոտ խստիվ պահպանվում են կանոները, բայց բացառություններ լինում են։ Դա սարքել ողբերգություն, Մեղրին փակել․․․Նախ տերմինը ճիշտ կլինի տալ՝ Մեղրին փակել չի։

Մեղրին ֆիզիկապես փակելն անհնար է, որովհետև այն տարանցիկ միջանցք է Իրանի և Հայաստանի համար, այդ միջպետական ճանապարհն անցնում է բնակավայրերի միջով։ Սահմանային անցակետ կա, պահպանվում է Իրանի, Նախիջևանի սահմանը, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղն է։ Դրանից ավելի հեշտ է ինքնամեկուսացածների հսկողությունն իրականացնել, որն էլ արվում է»,- ասաց Զաքարյանը։

Դիտարկմանը, թե չնայած ծնունդին 50-55 մարդ է մասնակցել, այնուամենայնիվ պարետի որոշում է խախտվել, Զաքարյանն ասաց․ «Խախտվել է և վարչական վարույթ է հարուցվել, ոստիկանությունը պարետի որոշմամբ փակել է տվյալ վայրը։ Բոլորի նկատմամբ էլ կիրառվում են պատժամիջոցներ։ Մենք ընդունում ենք՝ թերություն եղել է, բայց դրանից մի քիչ շտապել են նման հայտարարություն անելով։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 4-ին Ազգային ժողովում  առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարել էր, թե Մեղրիում 160 հոգի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են:

Քաղաքապետի պնդմամբ՝ խնջույքից ինքնամեկուսացածների թիվը մոտ 30 է, իսկ քաղաքում ընդհանուր ինքնամեկուսացած է 160 քաղաքացի։

Մարիամ Մելքումյան 

 

 

Լրահոս

Դիտել ավելին