Կարևոր իրադարձություններ

Պարետի որոշումը խախտած և վերջին զանգ նշած դպրոցի տնօրենն աշխատանքային ժամին տեղում չէ․ նախարարությունն ուսումնասիրում է տեսանյութի հանգամանքները

04 Հունիս, 2020 15:11
Պարետի որոշումը խախտած և  վերջին զանգ նշած դպրոցի տնօրենն աշխատանքային ժամին  տեղում չէ․ նախարարությունն ուսումնասիրում է տեսանյութի հանգամանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի շրջանավարտները նշել վերջին զանգը։ Տեսանյութում երևում են աշակերտներն ու դպրոցի տնօրենը, որոնք խախտել են պարետի որոշումը։

Փորձեցինք կապ հաստատել տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ, սակայն, հեռախոսին պատասխանեց գործավարուհին և փոխանցեց, որ ո՛չ տնօրենը, ո՛չ էլ փոխտնօրենը տեղում չեն։

Դիտարկմանը, թե հիմա աշխատանքային ժամ չէ՞, գործավարուհին ասաց․ «Որ ասում եք աշխատանքային ժամ չէ՞, այո՝ աշխատանքային ժամ է, էն ձևի պայման ա, որ պարետին ենթարկվելով չենք ուզում կուտակումներ լինեն, գոնե մեկն ու մեկս հերթապահ լինում ա»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց նա ։

Գործավարուհուն ասացինք, որ վարչապետը տեսանյութ է հրապարակել իրենց դպրոցի շրջանավարտների վերջին զանգից և այդտեղ խախտվել է պարետի որոշումը, վերջինս արձագանքեց․ «Ես ոչ մի բան չեմ կարող ասել՝ իրավասու չեմ»։

Գործավարուհին չփոխանցեց տնօրենի հեռախոսահամարը, այդ թվում չկարողացավ պատասխանել՝ տիկին Կոստանյանն այսօր կվերադառնա աշխատանքի, թե՞ ոչ։

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարությունն ուսումնասիրում է վարչապետի հրապարակած տեսանյութի հանգամանքները։

Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը․

«Վերջին զանգից՝ վերջին պար

Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին