Կարևոր իրադարձություններ

Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում. «Հրապարակ»

04 Հունիս, 2020 08:00
Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Արգիշտի Քյարամյանը, ում Նիկոլ Փաշինյանն անցած ամիս գործուղեց ԱԱԾ՝ որպես փոխտնօրեն: Դավիթ Սանասարյանի լիազորությունները հայտնի քրեական գործի պատճառով դադարեցնելուց հետո Քյարամյանը նախ նշանակվեց ՊՎԾ պետի տեղակալ, ապա՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի դեռ դատարանը որոշում չունի Սանասարյանի գործով, եւ նա փաստացի ազատված չէ այդ պաշտոնից, կառույցում, ըստ ամենայնի, նոր պետ չի նշանակվի:

Բայց վարչապետը մտադիր է այս կառույց գործուղել վստահելի մարդու՝ պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներով օժտելով նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ հիմնադիրներից Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը, ով մինչեւ պատգամավոր դառնալն այս կառույցում պետի տեղակալ էր աշխատում:

«Ինձ նման առաջարկ չի եղել, ես հիշում եմ, որ անցած տարի էլ այդպիսի լուր պտտվեց, բայց ես նման տեղեկություն չունեմ, որովհետեւ դա այնպիսի պաշտոն է, որ ուղղակի վարչապետի որոշմամբ է նշանակվում: Ես անձամբ վարչապետի որոշման մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Ուլիխանյանը:

Նկատենք, որ մեծ թվով թափուր պաշտոններ կան, որտեղ ամիսներով նշանակումներ չեն արվում։ Թափուր են շրջակա միջավայրի նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի, 6 բուհի ռեկտորների եւ այլ պաշտոններ։

 

Լրահոս

Դիտել ավելին