Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    490

  • EUR

    548
    560

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակներից. «Սև ցուցակի» հետքերով․ «Ժողովուրդ»

03 Հունիս, 2020 08:16
Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակներից. «Սև ցուցակի» հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սեւ ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր: Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետեւանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սեւ ցուցակում:

Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից», – նկատեց նա: Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, եւ սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթեւիկ Ռեւազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, եւ չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»: Փաստորեն ի՞նչ է ստացվում. քանի որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» եւ «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների «դեմքով»: Իսկ դա, ինչպես բարձրաձայնում են մասնագետները, նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբեւէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ»:

 

Մանրմասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին