Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի է եղել. նախարարությունը դիմելու է իրավապահներին

02 Հունիս, 2020 15:45
Կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի է եղել.  նախարարությունը դիմելու է իրավապահներին

Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջերից մեկն այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահացած 132 քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այլն:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դիմել իրավապահներին. «Պատրաստվում ենք դիմել իրավապահներին և հասկանալ, թե այդ ինֆորմացիան որտեղից է հայտնվել: Փորձելու ենք պարզել ողջ իրականությունը՝ ովքեր են կազմակերպիչները»,- ասաց նա:

Առողջապահության նախարարի խոսնակը ասաց, որ չի կարող գնահատական տալ, արդյո՞ք այս արտահոսքը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ. «Թող իրավապահները պարզեն և իրենց իրավական գնահատականը տան»:

Ալինա Նիկողոսյանն ասաց, որ հրապարակված տվյալներում  մահացած քաղաքացիների տվյալներն են. «Դա անընդունելի է, քանի որ ամեն տվյալ երևում է»,- ասաց ԱՆ խոսնակը:

Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշել է.

1. Էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.
ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում
բ. Այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից

2. Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։

 

Մարիամ Մելքումյան

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին