Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ-ն իր փնթի գործելակերպը շտկելու փորձեր չի անում... Լիլիթ Սիլանյան

01 Հունիս, 2020 16:04
Հեղինակ՝ Լիլիթ Սիլանյան
ՏԻՄ-ն իր փնթի գործելակերպը շտկելու փորձեր չի անում... Լիլիթ Սիլանյան

Մեկ ամիս առաջ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների կողմից թեժ քննարկման թեմա էր դարձել աղբահանության հետ կապված վճարների հարցը(մարդկանցից պահանջել էին վճարել՝ արդեն իսկ վճարված աղբահաության համար), որը որևէ լուծում մինչ օրս չի ստացել։ Հիշեցնեմ, որ Աջափնյակի բնակիչները համատարած ստացել էին կատարված աղբահանության դիմաց վճարումներ իրականացնելու պարտավորությունների մասին հիշեցումներ։ Միաժամանակ նշեմ, որ բացի վճարումներ կատարելը՝ նույն գրություններում համատարած նշված է եղել նաև վճարվելիք տուգանքների մասին։

Մի բան ինձ նույնպես զայրացրեց, երբ ինձ բնակիչներից մեկը ասաց, որ բյուրոկրատական քաշքշուկի մեջ չընկնելու համար կատարել է կրկնակի վճարում՝ ընդ որում անցած երկու տարիների համար, և քանի որ նախկին վճարումները իրականացրել էր էլեկտրոնային եղանակով՝ օնլայն, ուստի որևէ տարբերակ չուներ ապացուցելու նախկինում կատարված վճարման փաստը։ Ինչևէ, ծառացած հարցը ոչ լուծում է ստանում, ոչ էլ որևէ պաշտոնյա փորձում է պարզել խնդրի էությունը։ Ինչպես ենթադրել և գրառել էի նախորդ հոդվածներիցս մեկում, այնպես էլ եղավ՝ ժողովուրդը սլացավ դեպի ՏԻՄ՝ Աջափնյակ վարչական շրջանի վարչակազմ, հարցը պարզելու նպատակով։ Ստացվեց այնպես, որ արդարանալու համար ՏԻՄ պաշտոնյաներից մեկը, որի ազգանունը խնդրել են չհրապարակել, «դիվանագիտորեն» ասել է, որ անձամբ իրեն էլ է ուղարկվել այդպիսի գրություն։ Այստեղ են ասել՝ «շունը չգիտի պոչն ինով է զբաղված»․․․․

Դե հա, այս ճգնաժամի ողջ ընթացքում այդպես էլ չտեսանք «կորած» քաղաքապետին որևէ եթերում, այդպես էլ չիմացանք, ի վերջո, ի՞նչ է անում առհասարակ նա՝ քաղաքի, իսկ այս իրավիճակում՝ բնակիչների համար, երբ Ռուսաստանում անընդհատ տեսնում ես Մոսկվայի քաղաքապետի ակտիվ միջամտությունը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ չնայած նրան, որ մենք Մարությանից պահանջում ենք ընդամենը իր սուրբ պարտականությունների կատարումը։ Չգիտեմ ինչ գնահատական կարելի է տալ այդ անտարբերությանը, որը բնականաբար ծնում է վարչական շրջանների զանգվածային անտեղյակությունը, բայց մի բան պարզ է՝ նույնիսկ նման ինստիտուցիոնալիզացված համակարգը չի գործում, իսկ եթե փորձում է գործել, ապա անպայման՝ փնթի, թափթփված, որի ամենահասարակ ապացույցը հենց այն է, որ իրենք իրենց գրություններ են ուղարկում, հետո էլ հայտարարում այդ մասին բնակիչներին։

Ամոթ է տղերք, հերիք է այսպես կոչված տաֆտալոգիայով զբաղվեք, գործ արեք, ժողովրդի համբերության բաժակը լցվում է և հարցը չլուծվելու կամ այն գոնե չպարզելու դեպքում՝ հաջորդ գրությունը կառաջացնի անցանկալի հետևանքներ, որի համար ստիպված պատասխան կտան անգամ այս պատմության մեջ թյուրիմացաբար հայտնված ՏԻՄ այլ աշխատակիցներ։ Հասարակությունը մի քանի անգամ չի վճարելու աղբահանության վարձը։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

 

Լրահոս

Դիտել ավելին