Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես, Հայաստանը եւ Վրաստանը՝ իրար օգնելու

30 Մայիս, 2020 22:21
Մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես, Հայաստանը եւ Վրաստանը՝ իրար օգնելու

Այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստի ավարտից հետո բրիֆինգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրատվամիջոցների կողմից հնչեցված հարցին , թե օրերս Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ եթե Հայաստանը դիմի իրեն, Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի, թեստավորման և, ընդհուպ, հիվանդներին Վրաստանում ընդունելու և բուժօգնություն տրամադրելու հարցում:

 Հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը այդ հարցով դիմի հարեւան պետությանը, ո՞ր դեպքում դրա անհրաժեշտությունը կառաջանա և կոնկրետ ի՞նչ աջակցության տեսակի համար Հայաստանի կառավարությունը կարող է դիմել Վրաստանին, վարչապետը պատասխանեց. «Մենք կորոնավիրուսի համաճարակի կամ դեպքերի արձանագրման առաջին օրվանից  սերտորեն գործակցել ենք Վրաստանի կառավարության հետ: Ընդ որում, վարչապետից մինչեւ մասնագետներ: Եվ այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է եւ նման պատրաստակամությունը շատ ջերմացնում է մեզ: Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր: Բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի: Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք այնպես անել, որպեսզի աջակցության կարիք չունենանք: Մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես, Հայաստանը եւ Վրաստանը՝ իրար օգնելու: Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել: Այս ընթացքում մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետեւ համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, դա ընդհանուր սպառնալիք է: Մենք մեր հարեւանների՝ և Վրաստանի, և Իրանի, և միջազգային մյուս գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին