Factor.am-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը` Էդգար Մարուքյանը, դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի` վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ:
«Առկա է հիմնավոր կասկած, որ Սասուն Միքայելյանը զինված է շրջում, ինչպես նաև նրա հետ կան զինված անձինք, պետք է պարզել նաև, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով կարելի է սպառնալ քաղաքացուն»,- նշել էր նա:
Մեր հարցին, թե ինչ փուլում է դիմումը, Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. «2020թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ: Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասված է պատասխանում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: