Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է կատարվել Մարմաշենում․ քույրը մանրամասներ է պատմում 21-ամյա եղբոր սպանությունից

30 Մայիս, 2020 10:11
Ի՞նչ է կատարվել Մարմաշենում․ քույրը մանրամասներ է պատմում 21-ամյա եղբոր սպանությունից

Aravot.am-ը գրում է.

Նախորդ օրը Մարմաշենում սպանված Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանի քույրը՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Հեղինե Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց եղբոր սպանության դեպքից՝ նշելով, որ մամուլը երկու օր է ՝ ապատեղեկատվություն է տարածում՝ հղում անելով համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին։

Հեղինե Մանուկյանը պատմեց, որ իր եղբայրը չի մասնակցել Մարմաշեն ու Վահրամաբերդ համայնքների երիտասարդների միջև տեղի ունեցող ֆուտբոլի խաղին, ինչպես փորձում են ներկայացնել շահագրգիռ անձինք։ Նրան Մարմաշեն են կանչել՝ հեռախոսին SMS ուղարկելով ու տեղեկացնելով, որ վիճաբանություն է սկսվել ընկերոջ ու մարմաշենցիների միջև։

Ըստ Հեղինեի Մանուկյանի, մեկ շաբաթ է՝ իրենց ընտանիքը սգի մեջ է․ այսօր Հայաստան են տեղափոխել ու հուղարկավորել քրոջ 31-ամյա ամուսնուն։ Նա մեկ շաբաթ առաջ շմոլ գազից խեղդամահ էր եղել Ղազախստանում, ու իրենք սպասում էին, որ դին պիտի տեղափոխեն Հայաստան։ Եղբայրը յոթ օր շարունակ տնից դուրս չի եկել, դեպքից մի քանի ժամ առաջ վերցրել է քրոջ երեխային ու հարևանի ավտոմեքենայով գնացել է Մարմաշենի վանք՝ մոմ վառելու։ Այդ ժամանակ էլ նրա հեռախոսին հաղորդագրություն են ուղարկել, թե կռիվ է՝ արի։ Զարզանդը զանգահարել է ընկերոջը՝ Գևորգին, հարցնելով՝՞ ինչ կռիվ է, Գևորգը պատասխանել․ «Իմ հետէ կապված, հասի»։ Նա քրոջ փոքրիկին տուն է բերել ու իր մյուս ընկերոջ՝ Արմանի հետ նրա մեքենայով հասել Մարմաշեն։

«Մենք մի շաբաթ է՝ վշտի մեջ ենք, Ղազախստանում 31 տարեկանում հասակում մահացել է քրոջս ամուսինը, այսօր նոր դին բերել են ու հուղարկավորել ենք։ Մենք 7 օր շարունակ լաց ու կոծի մեջ ենք, եղբայրս տնից ընդհանրապես դուրս չէր գալիս, քույրս ու իր երկու փոքրիկ երեխաները հայրական տանն էին։ Եղբայրս դեպքի օրը՝ ամիս 27-ին, ժամը 18․00-ին վերցրեց քրոջս որդուն՝ Արսենին, ասաց՝ գնանք, մի հատ մաքուր օդ շնչենք ու գանք։ Հարևանի տղայի ավտոմեքենայով գնացել էին Մարմաշենի վանք՝ մոմ վառելու։ Ժամը 19․00-19․30-ն ընկած սահմանում եկավ տուն, երեխուն բերեց տվեց ինձ ու ասաց ՝ շտապ գործ ունեմ, արագ գնամ ու կգամ։ Ասացի՝ հաց կեր նոր, ասաց՝ չէ, շուտ կգամ, ես էլ խնդրեցի՝ շատ չուշանա, ինքն էլ այնքան լսող , շնորհքով տղա է․․․ Գնաց, ես քիչ անց սեղան գցեցի ու զանգեցի իրեն, ժամը 20․30-ից զանգել եմ, զգում էի, որ մի բան այն չէ․ ժամը 20․30-21․00-ի սահմանում քավորիս աղջիկը եկավ, ասաց՝ գյուղի բոլոր տղամարդիկ անհետացել են։

Դուրս ելանք, հեռախոսը վերցրեցի ու սկսեցի նորից եղբորս զանգել ու անկախ ինձանից՝ ընկա գետին ու եղբորս անունը տալով՝ գոռում էի, բայց չգիտեի, թե ինչ է եղել, ուղղակի փեսայից մահվան դեպքից հետո վատ զգացողություն ունեինք, մի տեսակ վախեցած էինք։ Զանգեցի մորաքրոջս տղային, լաց էր լինում, ասի՝ ինձ մի բան ասա՝ շնչո՞ւմ է, թե՞ չէ, ասաց՝ բերանդ խերով բաց։ Իմացա, որ Գյումրի բժշկական կենտրոնում են, պապայիս խաբեցի, թե ոտքն է ջարդվել, պապաս էլ փեսայիս դեպքից սգի մեջ է, սիրտը՝ վատ, գնացինք հիվանդանոց։ Ես զանգեցի հիվանդանոցի փոխտնօրենին, խնդրեցի տեր լինեն, մինչև հասնենք, երբ նա հետ զանգեց ու ասաց, որ ընդունարանից չեն պատասխանում, թե ինչ է եղել, ես գլխի ընկա․․․

Դեռ գյուղից չէինք շարժվել հիվանդանոց, մորաքրոջս տղան զանգեց, թե Զարզանդին հետ են բերում հիվանդանոցից։ Ինձ զսպեցի, քանի որ հայրս էր ղեկին, հասանք հիվանդանոց, մեր ամբողջ ազգությունը հիվանդանոցում էր։ Երբ ներս տարան, բժիշկն ասաց՝ ձեռքերը ու դեմքը կապտած բերել են, ձեռքերին ու դեմքին ընդհանրապես վերքեր չեն եղել, մարմնի վրա վերքեր չեն նկատել։ Երբ ճչում էի՝ բա ինչ է եղել, մեր բարեկամը քաշեց կողքի ու ասաց՝ կոկորդին են խփել, միանգամից խեղդել է, ասաց էդ խփողի բոյն էլ կարճ է, մտածեցի՝ էդ ինչպե՞ս, եղբայրս շատ բոյով է, հետո ասին՝ գլխին են հարվածել, տարբեր վարկածներ էին ասում։ Հետո պարզեցի, որ գցել են գետին, գլխին են հարվածել հետևի կողմից, ողնաշարից անջատվել, արյան զեղում է տվել», -ասաց Հեղինե Մանուկյանը։

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին