Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգում խառնվել են իրար. ինչ է սպասվում առաջիկայում․ «Ժողովուրդ»

30 Մայիս, 2020 09:09
Դատական համակարգում խառնվել են իրար. ինչ է սպասվում առաջիկայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում: Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին հայտարարեց մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է եւ դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետեւ այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը եւ դատական համակարգը կտրել է իրարից, եւ այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հայտնի է, սա ենթադրում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միացում, որն էլ խառնաշփոթ է առաջացրել համակարգում: Գործող դատավորները չեն պատկերացնում՝ ինչ է լինելու այս երկու կառույցների միացումից հետո, եւ ինչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը: Սակայն դատական համակարգում ներքին քննարկում է եղել, դատավորները կարծիք են հայտնել, որ եթե ՍԴ-ի հարցը լուծվի, գործը չի հասնի նոր կառույց ստեղծելուն, հետեւաբար նաեւ Վճռաբեկ դատարանի լուծարմանը։ Սակայն միեւնույն ժամանակ Արդարադատության նախարարությունից նրանց հիշեցրել են, որ, անկախ արդյունքից, պետք է ստեղծվի Վճռաբեկ դատարանի վարչական պալատ: Դրա ստեղծումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ: Դատավորներն էլ այժմ շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վճռաբեկ դատարանի ակտիվությունը կավելանա, եթե այն ունենա գործն ըստ էության քննող եւ լուծող մասնագիտացված համապատասխան պալատ։

 

Լրահոս

Դիտել ավելին