Կարևոր իրադարձություններ

«Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Հրապարակ»

29 Մայիս, 2020 09:37
«Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ իրավապահները վերջերս ընդգծված եւ անառողջ հետաքրքրություն ունեն Սյունյաց աշխարհի խոշոր բնակավայրերի համայնքապետերի նկատմամբ: Խոշորացույցի տակ ուսումնասիրում են նրանց գործունեությունը, հարաբերություններն ընկերների ու գործընկերների, նույնիսկ պարտապանների հետ:

Քրեական գործեր են հարուցվել, որոնք առնչվում են Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերին: Մեր աղբյուրը հայտնում է, որ Մեղրիի քաղաքապետ, նախկին ազատամարտիկ Մխիթար Զաքարյանն է նախազգուշացում ստացել ավագանու կողմից ընդունված սեփականաշնորհման մի որոշման առիթով: «Քրեական գործ հարուցված չկա, բայց կանչել են, զգուշացրել են, որ հետաքննություն է գնում, հնարավոր է, որ մեղադրանք էլ առաջադրվի: Ծիրանի ձոր վայրում ինչ-որ գույք է, որը, իբր, սխալ են սեփականաշնորհել: Մեկին գտել են, որն ասում է, որ ինքն էր ուզում սեփականաշնորհել, բայց ապօրինի կերպով ուրիշին են տվել: Սովորական սարքոցի»,- ասում է մեր աղբյուրը:

Քաղաքապետ Զաքարյանը «նախկիններից» է համարվում, քաղաքապետի պաշտոնին է 2016 թվականից: Նրա հետ կապվել չհաջողվեց, իսկ Քննչական կոմիտեից ասացին, որ քաղաքապետին առնչվող քրեական գործ չկա: Փոխարենը Գորիսի 29-ամյա քաղաքապետ Առուշան Առուշանյանին առնչվող 3 քրեական գործ կա՝ ՔՕ 5 հոդվածներով ՝ է՛լ խարդախություն, է՛լ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, է՛լ ինքնիրավչություն:

Առուշանյանը նույնպես «նախկիններից» է, Գորիսի քաղաքապետն է 2017-ից: Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առնչվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով հարուցված քրեական գործով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը) եւ 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Ազատությունից ապօրինի զրկելը՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով), 322- րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով (Ինքնիրավչություն՝ բռնություն գործադրելով) առերեւույթ հանցագործություններին»:

Քննչական կոմիտեի պատասխանում նշվում է նաեւ, որ հիշյալ 3 քրգործով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ներկայում ունի վկայի կարգավիճակ: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը եւս չունի մեղադրյալի կարգավիճակ: «Սակայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում է մի խումբ անձանց կողմից Քաջարանի մի բնակչի առեւանգելու եւ այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործ, որով համապատասխան գործողություններ եւ միջոցառումներ են իրականացվում... Քաջարանի ղեկավարի մասնակցությունը եւ առնչակցությունը կատարված առերեւույթ հանցագործություններին ստուգելու ուղղությամբ»:

Խոսքն ապրիլի 26-ին եւ 29-ին Կապանում տեղի ունեցած «ռազբորկաների» հետքերով հարուցված քրեական գործի մասին է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ապրիլի 26-ին Քաջարանի համայնքապետ Փարամազյանը շուրջ 20 հոգու կանչել է մի չգործող ռեստորան, որտեղ ծեծկռտուք է եղել, ապա 3 օր անց Զանգեզուրի կոմբինատի 3 աշխատակից առեւանգել են մի անձի ու խմբակային ծեծի ենթարկել:

Ըստ տեղացիների, փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է մարդ ուղարկել քաջարանցիների մոտ, ցանկանալով «փայ մտնել» ինչ-ինչ բիզնեսներում, իսկ քաղաքապետն ասել է՝ դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես: Բաբայանը հերքում է այս լուրերը: Քաջարանի քաղաքապետը նույնպես «նախկիններից» է համարվում: Նա ընտրվել է 2016-ի նոյեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին