Կարևոր իրադարձություններ

Եթե հայկական կողմը դա որպես հաղթանակ է ընդունում, ապա դա մնում է Գ. Կոստանյանի խղճին. փաստաբան

17 Հոկտեմբեր, 2015 10:36
Եթե հայկական կողմը դա որպես հաղթանակ է ընդունում, ապա դա մնում է Գ. Կոստանյանի խղճին. փաստաբան

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը շարունակում է բուռն քննարկումների առիթ հանդիսանալ:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը գործին ծանոթ է մամուլում տպված տեղեկություններից:

«Փաստորեն, Մեծ պալատը հաստատել է, որ Դողու Փերինչեքի նկատմամբ շվեյցարական դատարանները կայացրել են անարդարացի ակտ և Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար նրան դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված նրա խոսքի ազատությունը: Դատարանը մերժել է Փերինչեքի հայցը՝ 120 000 եվրո պահանջի մասին: Եթե հայկական կողմն ընդունում է դա որպես հաղթանակ, ապա դա մնում է գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի խղճին»,-Shabat.am-ի հետ զրույցում նշեց նա:

Փաստաբաի խոսքով, բանն այն է, որ դատարանը կասկածի տակ է դրել Ցեղասպանության փաստը, արձանագրելով, թե իր վճիռը իրավական է, և ոչ թե քաղաքական:

«Իսկ ինձ թվում է, որ դա քաղաքական նախադեպ է, որի նպատակը հայկական կողմից հետագայում ներկայացվելիք դիմումների մերժումն է»,-նկատեց Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանի համար ՄԻԵԴ-ի վճիռը ավելի շատ սպասելի էր, քան ոչ, ըստ նրա Հայաստանի իշխանությունների իներտ կեցվածքը, ի վերջո պետք է իր արդյունքը տար և տվեց.  «Դա վերաբերում է ոչ միայն Եվրոդատարանին, այլև բոլոր այն ատյաններին, որտեղ Հայաստանը մասնակցություն ունի, բայց հեղինակություն չունի»:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: Հայկական կողմի մասնակցության նպատակն այն էր, որ ԵԴ-ի վճիռը չդառնա գործիք հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին:

 «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել խոսքի ազատության խախտում: Դատարանը եզրակացրեց, որ ժողովրդական հասարակությունում պարտադիր պայման չէ Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել, որպեսզի պաշտպանվեն հայկական համայնքի իրավունքները:

 Հիշեցնենք, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը քննվում էր շուրջ 9 տարի: 2008-ին Շվեյցարիայի դատարանը դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին