Կարևոր իրադարձություններ

Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները

28 Մայիս, 2020 15:45
Հեղինակ՝ ԱՆ խոսնակ
Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները

ԱՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ այսպես ասած «պատմության երկրորդ կողմը»։

Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում է հիվանդանոցի համբավը, որտեղ բուժում է ստացել պացիենտը։

Պարոն Բաբաջանյանը և իր կինը մայսիի 14-ին ընդունվել են «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ։ Բաբաջանյանն ընդունվել է բարձր ջերմությունով՝ 38.5C˚:

Ընդունման օրը պացիենտներին զննել են ինչպես հերթապահ բժիշկը, այնպես էլ թոքաբանը և նույն օրը երկուսին էլ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն- հետազոտություն, և երկուսի մոտ էլ ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում:

Բուժումը մշտապես հսկվել է համապատասխան մասնագետների՝ թոքաբանի, սրտաբանի կողմից, կատարվել են ստուգիչ ռենտգեն-հետազոտություններ մեկ շաբաթ հետո: Բուժումը ընթացել է հարթ:

Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են, ինչպես բոլոր պացիենտները, նրանք նույնպես ստացել են համապատասխան բուժում և բուժօգնություն: Պացիենտը պահանջել է, որ իրեն և կնոջը ցուցաբերեն անհատական մոտեցում և բժիշկները կամ բուժքույրերը շատ երկար մնան հիվանդասենյակում, որը ճիշտ չէ համաճարակաբանական տեսանկյունից, ինչպես նաև տուժելու էին մյուս պացիենտները:

Ավելին, Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։

Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասներորդ օրը մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ։

Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին