Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները․ Արցախի ԱԳՆ

27 Մայիս, 2020 22:25
ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ․

«2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։

Հատկանշական է, որ գործը քննելու ժամանակ դատարանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջան ժամանելուն պես, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայության մեջ առաջխաղացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆավորվի հանցանքները որպես իր սեփականը։ Դատարանը նաև ընդգծել է, որ այս միջոցներից յուրաքանչյուրը՝ առանձին և ամբողջությամբ, հանդիսանում են պետության տարբեր կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռամիլ Սաֆարովի գործողությունների քաջալերում և խրախուսում, և որ քաջալերումը ու խրախուսումը ուժեղ արձագանք են ստացել, ընդհանուր առմամբ, ադրբեջանական հասարակության զգացմունքների մեջ։

Ինչպես բազմիցս ենք հայտարարել, ներում շնորհելը, հերոսացումը և որպես նմանակման օրինակ՝ մարդասպանի համազգային փառաբանումը ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության բաղկացուցիչ տարրերն են՝ ուղղված այդ երկրում հայատյացության արմատավորմանը և հայերի հանդեպ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը բազմաթիվ անգամ մատնանշվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական կոմիտեի փաստաթղթերում։

Ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլև ադրբեջանական հասարակության մեծամասնության կողմից Ռամիլ Սաֆարովի կատարած զազրելի ոճրագործության խրախուսումը և քաջալերումը այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան են:

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական ​​քաղաքականության և պրակտիկայի հետևանքով»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին