Կարևոր իրադարձություններ

Թամրազյանը պատվով է դուրս եկել իր հասցեին հնչող մեղադրանքներից. արտահերթ նիստի մանրամասները. «Ժողովուրդ»

27 Մայիս, 2020 09:11
Թամրազյանը պատվով է դուրս եկել իր հասցեին հնչող մեղադրանքներից. արտահերթ նիստի մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը դռնփակ անցկացնելու որոշումը «կոտրել է» հանձնաժողովականներին, որոնք մեծ ցանկություն են ունեցել, որպեսզի քննարկումը բաց լինի:

Բանն այն է, որ խորհրդարանական հանձնաժողովը ցանկություն ուներ հանրության աչքի առջեւ բացահայտել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապված լուրջ տարաձայնությունները, որոնց արդյունքում նույնիսկ «ռազբորկա» էր տեղի ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ «վերեւներից» է հանկարծակի որոշում կայացվել, որպեսզի նիստը դռնփակ անցկացվի չխայռատակվելու համար:

Ու այդ որոշումից հետո հանձնաժողովի անդամները այդքան ոգեւորությամբ չեն մասնակցել քննարկումներին, այլ ուղղակի հարց են հնչեցրել ու սպասել են պատասխանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ այն շատ երկար է տեւել, բայց անցել է շատ հանգիստ ու հաշտ մթնոլորտում:

Հանձնաժողովի նիստի ընթացքում փոխնախարար Թամրազյանը շատ սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, եթե անգամ հնչել են մեղադրանքներ Թամրազյանի գործունեության, վարքի վերաբերյալ, ապա վերջինս փաստեր է պահանջել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանը «հաղթել է» այս քննարկումներում ու պատվով է դուրս եկել իրավիճակից:

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ նրան հովանավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:

Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նիստից առաջ գրառում էր կատարել եւ ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով, իր խոսքով,  հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով. «Եթե պարզվի՝ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության»: Նրա հայտտարարությունը միանշանակ չի ընկալվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին