Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ նախագահ

26 Մայիս, 2020 20:08
Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ նախագահ

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է: Այս մասին նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հավելելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ: 

«Պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխությունները տեղի են ունենում մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ վերափոխումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա:

Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներում: Ակնհայտ են համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները և շարունակական անկման փուլը: «Իմ կարծիքով, համավարակն ունի մի շարք ավելի խորքային հետևանքներ,-ընդգծել է Հայաստանի նախագահը:-Նախ, միջազգային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ են կրում: Երկրորդը՝ պետությունն ու հասարակությունը զգացին, թե որքան կարևոր է միջոցներ ներդնել հենց գիտության, առողջապահության ոլորտներում, ինչը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր»:

Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կարող է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա, նախագահ Սարգսյանն ասել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է պայքարի իր սեփական մեթոդը, հետևաբար, հետևանքները տարբեր կլինեն: 

«Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կծառայի որպես ինտեգրման կատալիզատոր, առաջին հերթին՝ գիտական և առողջապահական ոլորտում,- նշել է նախագահ Սարգսյանը: -Արմատական փոփոխություններ տեղի կունենան աշխատանքի շուկայում, որը, պարզվեց, համավարակի ֆոնին ամենախոցելիներից է: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի պահանջարկը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Անհրաժեշտ է լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչը կպայմանավորի ակտիվացումը համագործակցության երեք ուղղությամբ՝ գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ: Սիներգետիկ արդյունքը, որին հնարավոր է հասնել ԵԱՏՄ երկրների՝ այս ոլորտներում հնարավորությունների համադրման միջոցով, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման գործում»:

Հետևանքների թվում նախագահը նաև նշել է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային ճգնաժամը, հնարավոր է, կլիմայի փոփոխությունն առանցքային հարց դարձնի քաղաքական օրակարգում, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի իրական են դառնում: «Բացի այդ, երկրներն առավելագույն ջանքեր կներդնեն և ի ցույց կդնեն իրենց ներուժը՝ փորձելով վերագործարկել տնտեսությունը,- ասել է Հայաստանի նախագահը։ -Դա կարող է ավելի խորացնել կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունն այն իմաստով, որ բնապահպանական կանոնները, ամենայն հավանականությամբ, կթուլանան կամ ամբողջովին կանտեսվեն»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին