Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն․ ԱԱՏՄ

25 Մայիս, 2020 22:53
Կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԱՏՄ տարածած հաղորդագրությունից։

ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։

Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։

«ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։

ԱԱՏՄ մշտադիտարկումները նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։ Բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները, արդյունաբերական ձեռնարկությունները, սպասարկման ոլորտի ընկերությունները եւ այլ ոլորտներում գործող այն տնտեսվարողները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, խստորեն կփակվեն և առավել երկար ժամկետով, ինչպես հանձնարարել է ՀՀ վարչապետը։

Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման»,- ասված է ԱԱՏՄ տարածած հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին