Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

25 Մայիս, 2020 19:22
Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Այսօր՝ մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Նախարարը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։

Նշվում է, որ Դավիթ Տոնոյանի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։

Պաշտպանության նախարարի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին