Կարևոր իրադարձություններ

Կախարդական փայտիկը մի օր չի աշխատի . Լիլիթ Սիլանյան

25 Մայիս, 2020 13:48
Հեղինակ՝ Լիլիթ Սիլանյան
Կախարդական փայտիկը մի օր չի աշխատի . Լիլիթ Սիլանյան

Լիլիթ Սիլանյանը գրում է․ 

 «Արդեն վաղուց հասել ենք նրան, որ ժամանակ առ ժամանակ կամ ծաղրում, կամ թերագնահատում, կամ էլ խեղաթյուրում ենք հարևան Վրաստանի արձանագրած հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ միտումնավոր ամեն ինչ անում են, որ կամ վատթարացնեն այդ երկրի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները կամ էլ, առհասարակ, բանը հասցնեն նրան, որ ոչ մի երկիր մեր երկրին լուրջ չվերաբերվի․․․․․

Օրերս «Ռիա նովոստին» հրապարակեց մի տեղեկատվություն, որում ասվում էր, թե նախկինում նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր այն մասին, որ սահմանափակումները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվել են Վրաստանում և մինչ այժմ էլ իրականացվում են, անշուշտ արդյունավետ են եղել, քան Հայաստանում, բայց դրանք հանգեցրել են վատ հետևանքների՝ սկսած ապրանքների գնաճից ավարտված՝ ազգային արժույթի արժեզկմամբ, իսկ հետո էլ ավելացրել է, որ Վրաստանի հակահամաճարակային և առողջապահական համակարգերը տարբերվում են հայաստանյան համակարգերից՝ այն էլ ոչ դրական տեսանկյունից։ Թորոսյանի արտահայտած, մեղմ ասած, «հանճարեղ» գաղափարները դարձյալ անպատասխան չմնացին, երբ Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանին հայտարարեց, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը զանգ է ստացել ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից, որը նախարարի անունից հայտնել է զղջման մասին, որ ՀՀ ԱՆ նախարարի հայտարարությունները սխալ են մեկնաբանվել և վշտացրել են Վրաստանի կոլեգաներին։

Ավելացնեմ, որ Զալիանին Թորոսյանի «գոհարները» համարեց ոչ կոռեկտ, իսկ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ցերցվաձեն լրագրողներին հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է առանց հիմնավորման նման հայտարարություններ անի և արժե՛, որ վերջինս ներողություն խնդրի, ավելին՝ Ցերցվաձեն հրավիրեց Թորոսյանին փորձի փոխանակման, միաժամանակ համադրելով երկու երկրների վարակակիրների և կորոնավիրուսից մահացած անձանց թվերը։ Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանը տեսնելու փոխարեն, հարևանի աչքի փուշն են տեսնում, բայց ոմանք թող չմոռանան, որ գերանը տեսնելու փոխարեն՝ մի օր այդ գերանին ռաստ են գալու ու այստեղ արդեն ներողությունը կախարդական փայտիկ դառնալու ունակությունը կկորցնի․․․․․

․․․Իսկ այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր հակառեկորդ։ Տենսես՝ ո՞վ է դառնալու Թորոսյանի «մուննաթի» նոր թիրախը»։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

 

Լրահոս

Դիտել ավելին