Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում

24 Մայիս, 2020 00:34
Հեղինակ՝ Արտակ Գալստյան
ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄՇՏԱՊԵՍ ՊԱՇՏՈՆԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ

Վերջին օրերին հասարակության ուշադրությունը փորձեց իր վրա սևեռել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, և թերևս չարժեր անդրադառնալ նրա նկատմամբ ընթացող կարգապահական վարույթին, եթե նա չփորձեր անգամ այդ իրավիճակից շահեկան դուրս գալ:
Նախ հանրությանը երևի թե արժե ներկայացնել, թե ով էր Հայկ Հովհաննիսյանը մինչև հեղափոխությունը և ինչով էր նա զբաղվում: Գրագետ փաստաբան, կրթված երիտասարդ, որը հաջող մասնավոր իրավաբանական գործունեությամբ էր զբաղված և ուներ նաև փաստաբանական գրասենյակ: Սակայն մասնավոր սեկտորում աշխատող երիտասարդի սիրտը պետական պաշտոն էր ցանկանում, իսկ առիթը ստեղծվեց ինքն իրեն: Մասնավորապես, սահմանադրության փոփոխությունների արդյունքում ստեղծվեց նոր սահմանադրական մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդ, որի անդամների կեսը՝ ուղիղ 5 անձ, պետք է ընտրվեին ՀՀ Ազգային ժողովի կողմից: Հիշենք, թե ով էր կազմում ԲԴԽ կազմավորման պահին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը, և հնարավոր էր արդյոք ընտրվել այդ Ազգային ժողովի կողմից, եթե չլիներ մեծամասնությունը կազմող քաղաքական ուժի՝ տվյալ դեպքում ՀՀԿ-ի աջակցությունը: Առ այսօր համացանցում պահպանվել են Ազգային ժողովի կողմից Հայկ Հովհաննիսյանի ընտրության գործընթացի տեսանյութերը և այն հարցերի շրջանակը, որոնք հնչեցրեց այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և դրանք համարեց հռետորական՝ նախապես իմանալով դրանց պատասխանները և չակնկալելով Հայկ Հովհաննիսյանի արձագանքը:
Հայկ Հովհաննիսյանը դարձավ ԲԴԽ անդամ, և սկսվեց նրա բաղձալի շրջանը: Վերևում նշեցինք, որ նա գրագետ և պրոֆեսիոնալ իրավաբան է, ինչը չէր կարող վրիպել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի աչքից:
Հայկ Հովհաննիսյանը դարձավ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի վստահելի անձը, աջ ձեռքը, բոլոր նախաձեռնությունների ջատագովը՝ այդ ընթացքում չմոռանալով նաև իր հնարավորությունները օգտագործել իր գրասենյակի համար ոչ հաճո դատավորների նկատմամբ ԲԴխ-ի կողմից ոչ դրական ակտեր ընդունելը նպաստելուն: Հարցը կայանում էր նրանում, որ Հայկ Հովհաննիսյանի գրասենյակը ներկայացնում էր ՎՏԲ բանկի շահերը, և միշտ չէր, որ դատավորների որոշումները ի օգուտ բանկի էին: Իսկ Հայկ Հովհաննիսյանը որշումներ էր ընդունում այդ դատավորների նկատմամբ, շարունակելով իր տնտեսական գործունեությունը, չնայած որ այն արգելված էր ԲԴԽ անդամի համար:
Հիշենք այդ կապակցությամբ փաստաբան Երվանդ Վարոսյանի հայտարարությունները և բերած փաստերը: Ու շատ ափսոս, որ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցել են, թե չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենար վեթինգը ԲԴԽ-ից սկսելու իր առաքելությունն իրականացնելու համար: Միգուցե այդ ընթացքում կպարզվեր նաև Ռուսաստանի Դաշնությունում , մասնավորապես Սոչի քաղաքում Հայկ Հովհաննիսյանի ունեցվածքի օրինականությունը:
Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից: Հայկ Հովհաննիսյանին անհրաժեշտ էր իրավիճակում կողմնորոշվել: Եվ ահա, առիթ, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Դատական օրենսգրքի այն նորմը, որով դադարեցվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:
Հայկ Հովհաննիսյանին անհրաժեշտ էր կողմնորոշվել, առավել ևս, որ ԲԴԽ անդամի կարգավիճակում պաշտոնավարմանը մնացել էր մեկ տարուց էլ քիչ: Եվ, ինչ, Հայկ Հովհաննիսյանը որոշեց կոչ անել՝ չընդունել Սահմանադրական դատարանի այդ որոշումը: Սակայն նա քաղաքական գործիչ կամ սովորական քաղաքացի չէր՝ իր սրտի ուզածն արտահայտելու: ԲԴԽ անդամը պետք է զուսպ լինի իր արտահայտություններում , որոնք կարող են խաթարել դատական իշխանության հեղինակությունը:
Լավ իրավաբան լինելով Հայկ հովհաննիսյանը հաստատապես գիտեր դրա մասին: Այդ դեպքում, ինչու նա դա արեց: Հնարավոր պատասխանը մեկն էր: Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վերաբերմունքը Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ Հայկ Հովհաննիսյանը իր այդ կոչով հայտ ներկայացրեց հետագա քաղաքական գործունեության համար. Ես Ձեզ կարող եմ պետք լինել հարգելի իշխանություններ:
Իհարկե իշխանությունը կուլ չի տա այդ խայծը: Ով ով, վարչապես Փաշինյանը լավ է ճանաչում Հայկ Հովհաննիսյանին: Վկան՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԲԴԽ պաշտոնում Հայկ Հովհաննիսյանի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերը պարունակող տեսանյութն է:
Տեսանյութը ստորև՝ https://www.youtube.com/embed/ODNrBxW4GzQ



 

Լրահոս

Դիտել ավելին