Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    544,5
    556,5

  • RUB

    6,71
    7,01

Կարևոր իրադարձություններ

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և վարչական աշխատակիցները հայտարարություն են տարածել

23 Մայիս, 2020 17:27
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և վարչական աշխատակիցները հայտարարություն են տարածել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և վարչական աշխատակիցները հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը այս ծանրագույն պայմաններում արժանապատվորեն և նվիրումով հաղթահարում է ոչ միայն բոլորիս բաժին հասած համավարակի փորձությունը, այլև ստիպված է ժամանակ առ ժամանակ դիմակայելու արտաքին հարվածներին: 

Դիանա Գալոյանի՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Տնտեսագիտական համալսարանը թևակոխել է դինամիկ զարգացման շրջան՝ չնայած նրա շուրջ միտումնավոր ստեղծված արհեստածին աղմուկին։

Դ․Գալոյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում համալսարանում ներդրվել են շուրջ մեկ տասնյակ խոշոր գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսական նոր կրթական ծրագրեր, ինչը փաստում է, որ մեզ հաջողվել է վերականգնել բուհի բարի համբավը արտաքին շահառուների շրջանում։

Ոլորտային նախարարությունների պատվերով համալսարանը սեփական միջոցների հաշվին սկսել է իրականացել հետազոտություններ՝ երկրի զարգացմանն ու փաստարկված որոշումների կայացմանն իր գործուն նպաստը բերելու նպատակով։

Արտաքին շահառուների հետ համատեղ ներդրվել և հաջողությամբ իրականացվում են տասնյակ վերապատրաստման դասընթացներ՝ համալսարանի համար ձևավորելով նոր եկամուտներ։

Մշակվել և հաստատվել են մի շարք հիմնարար փաստաթղթեր, որոնք միտված են կարգավորելու տարիներ շարունակ համալսարանի ուսումնական գործընթացում կուտակված խնդիրները։ Ձևավորվել է անհատի զարգացմանը և ստեղծարարությանը միտված ակադեմիական միջավայր։

Արտակարգ դրության պայմաններում համալսարանում ներդրվել է ամբողջությամբ թվայնացված դեկանատի կառավարման համակարգ և սեփական moodle հարթակը: 

Բուհն իր տնտեսած միջոցների հաշվին արտակարգ դրությունից տուժած 189 ուսանողների հավելյալ տրամադրել է ուսման վարձի 30% զեղչ։

Սրանք վերջին 9 ամիսներին արձանագրված ձեռքբերումների փոքր մասն են միայն։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները, ուսանողությունը մի քանի անգամ բաց նամակներով պետական մարմինների ուշադրությունը հրավիրել են այն իրողության վրա, որ վերջապես համալսարանում ստեղծվել են համերաշխության և նվիրումի, գիտակրթական լայնածավալ գործունեություն իրականացնելու հիրավի ստեղծարար պայմաններ։ Հենց այս ամենի արդյունքում է, որ համալսարանը համախմբված է նոր ղեկավարության շուրջ և միացյալ ջանքերով անում է հնարավորն ու անհնարինը կրթության և գիտության ոլորտում լավագույն ձեռքբերումների հասնելու համար: 

Մենք դատապարտում ենք ՀՀ առաջատար կրթօջախներից մեկի շուրջ հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորելու և «դրսից դատելու» մի խումբ անձանց փորձերը, որոնք 2018 թվականից համալսարանը պահում են ցնցումների մեջ։

Հորդորում ենք դադարեցնել Դ․Գալոյանի դեմ ուղղորդված արշավը և հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ նա վայելում է համալսարանի աշխատակիցների անվերապահ աջակցությունը: Միաժամանակ հորդորում ենք մեզ չտանել հերթական փորձության և լուծել ճգնաժամը՝ հայտարարելով ռեկտորի ընտրության մրցույթը։ Համոզված ենք, միայն այս կերպ համալսարանին հնարավորություն կընձեռնվի ամրապնդել կայունությունը և շարունակել բնականոն աշխատանքը։

Հավելենք, որ հայտարարությանը առցանց միացել են ՀՊՏՀ 501 հիմնական աշխատակիցներից 483-ը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին