Կարևոր իրադարձություններ

Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. բերման են ենթարկվել 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ

23 Մայիս, 2020 16:12
Թմրաշրջանառության շղթա է բացահայտվել. բերման են ենթարկվել 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում են մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։ Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։

36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ 30-ամյա տղամարդու մեքենայի զննությամբ նույնպես մեթամֆետամին հայտնաբերվեց։

26-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի զանգվածով 13 փաթեթ` ընդհանուր 5 գրամից ավելի քաշով։ Խուզարկվեց նաև մեքենան, որով աղջիկը բերման էր ենթարկվել։ Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։ 24-ամյա աղջկա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցը իրացրել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի զանգվածով փաթեթ։ Նույնպիսի զանգվածով 11 փաթեթ էլ հայտնաբերվեց նրա բնակարանի խուզարկությամբ։ 37-ամյա տղամարդը կալանավորվեց։

Սա ամենը չէր. քրեական հետախույզները պարզեցին նաև, թե ումից է վերցրել մեթամֆետամինը։ Խոսքը դարձյալ մայրաքաղաքաբնակ, 34-ամյա մի տղամարդու մասին է, որը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Կասկածվողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի, հաշիշի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու էքստզիի հաբեր։ 34-ամյա տղամարդը կալանավորվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 31-ամյա մի տղամարդուց։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Տարբեր վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվեցին նրան պատկանող մեթամֆետամինի զանգվածներ։ 31-ամյա տղամարդը ևս կալանավորվեց։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ապօրինի թմրաշրջանառության հակազդմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին