Կարևոր իրադարձություններ

Ծանոթացա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող մանկապարտեզների, մշակույթի տան շինարարական և ասֆալտապատման աշխատանքներին․ Ռոմանոս Պետրոսյան

22 Մայիս, 2020 20:10
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ծանոթացա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող մանկապարտեզների, մշակույթի տան շինարարական և ասֆալտապատման աշխատանքներին․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխատանքային այցերս մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են իմ և մարզպետարանի վերահսկողության կենտրոնում:

Այսօր խորհրդականներիս՝ Արտավազդ Բարսեղյանի և Արևշատ Առաքելյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղա Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ, Հացավան, Գեղարդ և Գողթ բնակավայրերում։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Համայնքապետի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ծանոթացա 2019-2020 թվականների սուբվենցիոն տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող մանկապարտեզների, մշակույթի տան շինարարական և իրականացվող ասֆալտապատման լայնածավալ աշխատանքների ընթացքին։ Դրանցից շատերն արդեն այս ամառ շահագործման կհանձնվեն։

Ընդհանուր առմամբ իմ գոհունակությունն հայտնեցի իրականացվող աշխատանքների որակից։ Նաև տեղեկացրեցի, որ 2020 թվականին նախատեսվում է համայնքում իրականացնել մի քանի սուբվենցիոն ծրագիր ևս, ինչը համայնքի կայուն զարգացման լավագույն գրավականն է և էականորեն կազդի բնակավայրերում կյանքի որակի վրա։ Մասնավորապես նախատեսվում է ջրագծի կառուցում Ձորաղբյուր համայնքում, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ Հացավանի մշակույթի տանը, Հացավանի Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում և ասֆալտապատման ու ճանապարհաշինական աշխատանքներ Գեղարդ և Գողթ բնակավայրերում։

Բացի օրակարգային այցերը, շփվեցի նաև բնակավայրերի բնակիչների հետ՝ համայնքներում առկա խնդիրները տեղում տեսնելու, հասկանալու և լուծումներ գտնելու նպատակով։

Այցի մասին ավելի հանգամանալից՝ առաջիկայում»։

 

Լրահոս

Դիտել ավելին