Կարևոր իրադարձություններ

Պետք են խստագույն միջոցներ՝ համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետ

21 Մայիս, 2020 14:47
Պետք են խստագույն միջոցներ՝ համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք: Ընդհանուր արձանագրվել է 70 մահ:

Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ և այնտեղից զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ այն մասին, որ հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ դրական ախտորոշումով: Եվ դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների և մահերի թիվը գրանցում են որպես կորոնավիրուսով առաջացած մահեր:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կրկին անգամ ընդգծել, որ կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել: Եվ, ի վերջո, մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել կամ ավելի ճիշտ՝ պատկերացնում ենք: Եվ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների:

Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է. մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Ընդ որում, գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել, և մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված նաև սոցիալական ցանցերում, թե ինչու, օրինակ, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պատադիր է, կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է: Եվ մենք պետք է ապահովենք, որ նաև պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են: Մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր կրեն, այդ թվում՝ նաև միջանցքներում, նաև ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ, որպեսզի պատշաճ սոցիալական հեռավորություն ապահովվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի: «Եվ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության: Ընդ որում, ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ անհրաժեշտ պայմաննները չեն պահում ո՛չ հաճախորդները, ո՛չ էլ վարորդները, ինչը նույնպես փակ տարածք է:

Պարետատունը սահմանել է կանոններ իրավաբանական անձանց համար, թե հակահամաճարակային ինչ կանոններ պետք է պահպանեն: Հաջորդ խնդիրը, որը շատ կարևոր է՝ մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների, իրավաբանական անձանց նկատմամբ:

Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, երևի այդքան էլ պատեհ չէ արձանագրել, բայց առաջինը նախ պետք է պահել սոցիալական հեռավորություն։ Եթե բաց տարածքներում սոցիալական հեռավորության պահպանման հարցում վստահ չենք, իրար հետ խոսելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ ունենալով կամ սոցիալական պատշաճ հեռավորությունը պահելով, որովհետեւ խոսելու ընթացքում վարակվելու հավանականությունը շատ մեծ է:

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ, կոչ եմ անում՝ եկեք, այսպես ասած, փչացած հեռախոսի ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածենք կորոնավիրուսի մասին: Կորոնավիրուսի մասին Հայաստանի կառավարության տված բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, բոլոր տեղեկությունները և գնահատականներն օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, կախված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է։ Այսօր աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, թե 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը, և նոր գիտելիքի կամ նախկինում արձանագրված գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ՝ եկեք արձանագրենք այս լրջությունը։ Ինձ համար գործնական և գաղափարական առումով կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա՝ դա անհատական պատասխանատվությունն է։ Սրանից ավելի արդյունավետ միջոց չի կարող լինել, իհարկե, զուգահեռ նաև այլ միջոցներով: Եվ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության, այդ թվում՝ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակում, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,
-ասել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին