Կարևոր իրադարձություններ

Ինչու չի վերադառնում Վանո Սիրադեղյանը. «Հրապարակ»

21 Մայիս, 2020 08:59
Ինչու չի վերադառնում Վանո Սիրադեղյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2019 -ի փետրվարին գրել էինք, որ լուրջ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչեւ ապրիլ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան։ Տեղեկացրել էինք, որ կա փաստաբանների խումբ, որն աշխատում է, ուսումնասիրում են մեղադրական եզրակացությունը, փորձում հասկանալ, թե քրեական գործն ինչպես ավարտեն, որ 2000 թվականից փախուստի մեջ գտնվող Սիրադեղյանը կարողանա վերադառնալ հայրենիք։

Սակայն արդեն 1 տարուց ավելի է անցել՝ Սիրադեղյանը Հայաստանում չէ, խոսակցություններն էլ նրա վերադարձի մասին լռել են։ Մեր աղբյուրները հայտնել էին, որ վերադարձի հիմքը վաղեմության ժամկետը լրանալն է։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքում է գործը։

Ինչպես նշեց Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, «ընթացքի մեջ է»։ Նա չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, ընդհուպ մինչեւ այն, թե փաստաբաններից ովքեր են զբաղվում Սիրադեղյանի գործով։ Նույնն ասաց Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ով արդեն հասուն մարդ է։ Հարցին, թե ինչն է պատճառը, որ Վանո Սիրադեղյանը, որ խոստացել էր վերադառնալու պարագայում շատ բան հայտնել իրեն առաջադրված մեղադրանքների մասով, նոր Հայաստան չի վերադառնում, ասաց․ «Պատճառներն ակնհայտ են, բայց չմեկնաբանեմ»։

Իսկ կարո՞ղ է Սիրադեղյանը՝ ինքը, չի ուզում վերադառնալ, եւ պատճառն իրավական խոչընդոտները չեն։ Խաչատուր Սիրադեղյանն ասաց՝ կարող է։ Ռուզան Տոնոյանն էլ ի պատասխան ասաց, թե Սիրադեղյանի փոխարեն ինքն ինչպե՞ս կարող է պատասխանել։ Այս ընթացքում տարբեր իրավաբաններ տարբեր կարծիքներ են հայտնել, թե Վանո Սիրադեղյանի նկատմամբ կարո՞ղ է արդյոք կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:

Եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։

Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել վաղեմության ժամկետ՝ հիմնավորելով, թե ինչու․ «Քանի որ հոդվածը ցմահ էլ է նախատեսվում (խոսքը 104-րդ հոդվածի 2-րդ մասի մասին է), նման պայմաններում վաղեմության ժամկետի հարցը միայն դատական նիստով դատարանն է որոշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին