Կարևոր իրադարձություններ

Միքայել Մինասյանի շրջապատը սպասում էր, որ մենք անուղղակիորեն դիսկուրսի մեջ կվերցնենք իր անհեթեթ տեսաբլոգները. Ստյոպա Սաֆարյան

19 Մայիս, 2020 20:35
Միքայել Մինասյանի շրջապատը սպասում էր, որ մենք անուղղակիորեն դիսկուրսի մեջ կվերցնենք իր անհեթեթ տեսաբլոգները. Ստյոպա Սաֆարյան

 Shabat.am-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ՝ իր դեմ տարվող արշավի, ֆեյքերի բանակի և Միքայել Մինասյան-ԼՀԿ ենթադրյալ կապի մասին:

- Պարո՛ն Սաֆարյան, վերջերս Ձեր դեմ արշավ է սկսվել նախկին իշխանությունների կողմից: Արդյո՞ք Դուք դա պայմանավորում եք նրանով, որ օրերս մի քանի գրառում արեցիք Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերաբերյալ:

- Ընդհանուր առմամբ էն բոլոր փամփուշտները, որոնք պահել էին և կրակեցին, որևէ շոշափելի արդյունք չեն տվել՝ իշխանությանը թուլացնելու առումներով: Այժմ, թերևս, երբ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը ընդունվեց, որը կտարածվի շատերի վրա՝ այդ թվում Միքայել Մինասյանի, ում դեմ բավականին քրեական գործեր հրապարակվեցին, վերջինս բոլոր գործիքակազմերով դիմեց գրոհի էն մարդկանց նկատմամբ, որոնք կա՛մ իշխանության մեջ են, կա՛մ իշխանությանն են ներկայացնում: Հանուն արդարության ես չեմ ասի, որ իշխանության ներկայացուցիչն եմ: Ես ինքս գիտեմ՝ ինչին եմ կողմ, ինչին եմ  դեմ, բայց ակնհայտորեն իրենք խնդիր ունեն հեղափոխությանը սատարող և պաշտպանող բոլոր մարդկանց հետ: Այն գրառումները, որոնք տարվում են իմ դեմ, նորություն չեն: Էդ նույն խումբը տարբեր տարիներին՝ 2016թ.-ին ու դրանից առաջ, 2017 թվականին,  տարբեր անուններով, տարբեր ֆեյքերով գրառումներ են կատարել: Հանդես են եկել  ամենանողկալի հրապարակումներով, կեղծիքներ են վերագրել ինձ և իմ ընտանիքին:  Ակնահյտորեն, այսպես կոչված «ընդդիմադիր» մի հատվածի նյարդերը տեղին տվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո: Հատկապես վերջին երաշխավորությունների վերաբերյալ շատ հետաքրքիր հարցազրույցներ են տրվել իմ կողմից; Երկրորդը, Միքայել Մինասյանի շրջապատը սպասում էր, որ մենք անուղղակիորեն դիսկուրսի մեջ կվերցնենք իր անհեթեթ տեսաբլոգները, բայց  հակառակ արդյունքը ստացվեց, որովհետև դրանց մեջ որևէ նյութեր չկան, որ քննարկվեն, և էդպես հրաման տվեց բոլոր ճակատներով: Բոլոր ալիքները՝ Քոչարյանական ալիքները մի կողմից, Սերժ Սարգսյանի փեսայի կայքերը և մյուսները մյուս կողմից տոտալ գրոհի անցան:

 Նկատենք, որ ՀԽ նախագահն օրերս անդրադարձել էր մի գրառման, որի հեղինակը, ըստ իրեն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ստեղծած ՊՈԱԿ-ի  երկար տարիների աշխատակցուհին է: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Սաֆարյան Ստյոպան կոմանդատեի կազմակերպած կարանտինից դժգոհ ա: Եկեք իրան նշանակենք կոմանդատե, կիբերզորքերի հետ, ոնց-որ լավ չստացվեց, Հանրային խորհուրդն էլ քցեց ոտին»: ՀԽ նախագահը արձագանքել էր գրառմանը, մեզ հետ զրույցում պարզաբանում է, թե ինչու գրառումն արժանացավ իր ուշադրությանը:

- Նա միակը չէր, որ հեգնում էր կիբերանվտանգության և կիբերհրամանատարության թեմաներով: Նույն հեղափոխությունից հետո, երբ տեսնում ենք, որ իրավապահ մարմինները չեն պայքարում կամ չեն ուզում պայքարել ֆեյքերի դեմ, հետևաբար այդ առաքելությամբ  զբաղվեցինք նաև մենք սոցիալական ցանցերում: Ես իմ մեծ համակիրների բանակով կարողացա փակել բազմաթիվ ֆեյքեր, որոնք բացվել էին նախկին իշխանությունների կողմից՝  տարիների ընթացքում ստեղծելով լուրջ վտանգներ: Նրանք կարողացել էին այդ ֆեյքերով ներդրվել ամենատարբեր մարդկանց էջերում, այդ թվում՝ իմ էջերում: Ես մինչև հիմա էլ մաքրում եմ իմ էջերը: Ձեռք էին բերել լսարան և տարածում էին ապատեղեկատվություն, տարածում էին ամենալկտի գրառումները՝ իմ մասին, տարբեր պետական այրերի մասին՝ վարչապետի, վերջինիս ընտանիքի մասին: Մեզ հաջողվեց բավականից մեծ թվով այդպիսի ծանրակշիռ ֆեյքերի արգելափակել տալ: Նախկին ՊՈԱԿ-ի տիկինը հեգնել էր այդ գործունեությունը: Պատկերացնու՞մ եք`այսօր քննարկում է վիրավորանքի թեման,  իրեն և իր շրջապատին մատուցում է որպես վիրավորանքի թիրախ, բայց քննադատում  է ինձ, երբ մենք բոլորս ահազանգում էինք այլոց իրավունքի մասին` այդ թվում կանանց: Խնդիրը միայն քննադատությունը չի, բազում մարդիկ են ինձ քննադատում և ես շատ հարգանքով եմ վերաբերվում նման տեսակետներին: Ես ինքս գիտեմ, որ իմ գործունեությունը չի կարող գոհացնել համատարած բոլորին: Բայց երբ վիրավորանքի դեմ պայքարող մարդկանց վրա գրոհում են մարդիկ, որոնց շրջապատը անմիջականորեն այդ վիրավորանքը տարածողն է և վերջում էլ պատասխանի արժանանալուց հետո փորձում են ներկայանալ վիրավորանքի զոհ՝ այ սա արդեն լուրջ խնդիր է և ես դրան արձագանքեցի: Նրանց անհանգստացնում է այն, որ հանրային խորհուրդը իմ նախագահության շրջանում, չեմ ասում ՝ աստղեր ա իջացնում երկնքից, բայց ի տարբերություն նախկինների` չափազանց տեսանելի գործունեություն ա ծավալում: Ես չեմ ասի, որ իմ արձագանքի մեջ արտաքին տվյալներ մատնանշելը լավ լուծում էր, կամ լավագույն  լուծումն էր, որովհետև տգեղ  և անթույլատրելի էր: Բայց նորից եմ կրկնում՝ էդ մարդիկ ամենահայտնի դեպքերից մինչև ամենաանհայտ դեպքերը անտարբեր են եղել ուրիշի նկատմամբ վիրավորանքին, այդ թվում ՝ կանանց: Օրինակ իրենց ֆեյքերից մեկը Ազատություն ռադիոկայաին լրագրողին էր սպառնում, ԱԺ  պատգամավորին էր սպառնում: Էդ ֆեյքերի դեմ պայքարած մարդուն ձեռք են առնում գիբերհրամանատարության թեմաներով: Հենց հիմա Ֆեյսբուքում գործում է մի խումբ, որը ես էլ փակել չեմ տվել, դա հենց նաև նախկին ՊՈԱԿ-ի ստեղծած ֆեյքերից մեկն է՝ ամենալկտի կոլաժներով, ամենալկտի գրառումներով:

 - Պրն. Սաֆարյան, նախկին իշխանություններից ոչ պակաս՝ Ձեր դեմ են դուրս եկել նաև ԼՀԿ-ականները։ Ի՞նչ քաղաքական ենթատեքստ եք տեսնում այստեղ:

- Երբ ԱԺ-ում բանավեճեր էին ընթանում՝ «Իմ քայլի» պատգամավորները  ԼՀԿ-ին մեղադրում էին Ս. Սարգսյանի փեսայի հետ սինխրոն գործելու մեջ, մենք ձեռնպահ մնացինք որևէ բան ասելուց: Բայց, կներեք, հիմա իրենք ինձ էլ չեն կարող ապացուցել, որ  իրենց գործողությունները սինխրոն չեն Միքայել Մինասյանի հետ: Եթե ինձ հիմա ասեն փաստ ներկայացրեք՝ իմ ամենազիլ փաստը այն է, որ իրենք անում, շարունակում կամ կրկնում են այն, ինչ անում են Միքայել Մինասյանի հիմնադրած ՊՈԱԿ-ի աշխատակիցները և ֆեյքերը միասին վերցրած: Հետևաբար այս կտրվածքով էնպես չի, որ ԼՀԿ-ն դարձել է անձնական վիրավորանքի դեմ պայքարի առաջամարտիկ: ԼՀԿ-ի հայտարարությունները և նույն պատգամավորների հայտարարությունները նայեք  և ամենահայտնի դեպքերում կտեսնեք ՝ լռություն է: ԼՀԿ-ի պատգամավորները, կներեք, չեմ ուզում ասել, բայց  Սեդա Սաֆարյանի  դստեր և ընտանիքի այլ անդամների ծեծի  ժամանակ ստորագրահավաքներ չարեցին,  հայտարարություններ չտարածեցին: Էլ չեմ ասում իմ ասած դեպքերը:  ԱԺ կին պատգամավորներին սպառնալիքներ էին ուղարկվել, լրագրողները հայտարարում էին ՝ այս կամ այն օգտատիրոջ կամ ֆեյքի կողմից իրենց սեռական բնույթի հայհոյանքների մասին: Ասացեք խնդրեմ, որ մի դեպքում են իրենք հայտարարություն արել, ոչ մի դեպքում չեն արել: Հիմա միայն ուղղակի պաշտպանության տակ վերցնել Միքայել Մինասյանի ստեղծած ՊՈԱԿ-ի  աշխատակցին ինձ համար ամենաակնառու փաստն է, որ այո՛, նրանք հոգևոր և գաղափարական մտերմություն ունեն:

- Այս ընթացքում մի քանի շրջանակներից պահանջում են Ձեր հրաժարականը, այդ թվում, նաև՝ ԼՀԿ-ական պատգամավորները: Պատրաստվու՞մ եք հրաժարական ներկայացնել

- Հանրապետության շատ քաղաքացիներ կարող են չհամակրել ինձ, թեպետ այդպիսիք շատ չեն, ասեմ հանուն արդարության: Բոլորը կարող են պահանջել հրաժարական և այս կտրվածքով, ինձ համար էլ բավականին զվարճալի էր, ոչ քաղաքական  կենսագրություն ունեցող տիկնոջ (ամենևին հեգնանքով չեմ ասում),  ով ընդամենը ռեստորանային համալիրում PR մենեջեր է աշխատել, բայց բախտի բերմամբ դարձել է պատգամավոր, հայտարարությունը: Ինձ համար բացահայտում էր, որ նման պատգամավոր կա, բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ու իր հեղինակած օրենսդրական ակտերին ոչ մեկս տեղյակ չենք, ինչպես շատերինը: Եվ չաշխատող, քաղաքական կենագրություն չունեցող պատգամավորը պահանջում է հրաժարական, լավ է անում: Ի գիտություն ենք ընդունում և անցնում ենք առաջ  

- Վերջին օրերին շատ են հնչեցված վիրավորանքները, ատելության քարոզները Ձեր անձի շուրջ: Պատրաստվու՞մ եք դիմել իրավապահ մարմիններին, եթե այո՝ ի՞նչ պահանջով:

- Այս պահին իրավապահների մոտ անցած տարիներից կա չորս գործ և այդ գործերով դեռևս քննություն է գնում: Վիրավորանքը, թերևս, անտեսված է, որովհետև գիտենք՝ դրանք ապաքրեականացված հոդվածներ էին և դրանց համար պետք է դատարան դիմես, իսկ դատարան դիմես ու՞մ դեմ, երբ որ այդ մարդու հասցեն ու անուն ազգանունն անգամ չգիտես: Շարունակելու եմ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանել իմ շահերը, իմ իրավունքները: Այն իրողությունը, որ շարունակում են պաշտպանել իրավապաշտպան, ՄԻՊ և  «մարդու իրավունքներին նվիրված պատգամավորները», սա թերևս ցույց է տալիս, թե ով ում հետ է, և ով ում դեմ է: Կյանքը շարունակվում է, ՀԽ-ն իմ նախագահությամբ կլինի, թե այլ որևէ մեկի, շարունակելու է գործել: Ինքս իմ առաջ խնդիր եմ դրել՝ այս կարճ ժամկետում պատմության մեջ ինչ որ մի բան թողնել: Ի հեճուկս ոմանց՝ աշխատանքները չեն տապալվելու, մեր գծից չենք շեղվելու: Այո՛, արձագանքելու ենք երբեմն կոշտ, ցանկացած ցեխարձակման, անպատասխան չենք թողնելու հերյուրանքները, զրպարտությունները և եթե իրենք ուզում են, որ մենք սովորենք այսօր իրավիճակին, ապա իրենք էլ պարտավոր են սովորել այս պահի իրավիճակին:

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին