Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ-ն «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրություն կիրականացնի

19 Մայիս, 2020 16:55
ՊՎԾ-ն «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում ուսումնասիրություն կիրականացնի

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական մասնակցությամբ՝ գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները:

 

Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման եւ օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը եւ փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաեւ իրականացված գնման գործընթացները:

Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս եւ (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ:

 

Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաեւ, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք եւ անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:

Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝

– ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետեւանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ,

– Հայկական ավիաընկերություններից մեկը տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետեւ, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ Ընկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

– Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը եւ ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ եւ նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ,

– ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաեւ Ընկերությունում եւ ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ,

– Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել եւ վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ,

Ընկերության կողմից հաշվարկվել եւ վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամի չափով պարգեւատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ,

Աուդիտորական ծառայությունների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին