Կարևոր իրադարձություններ

Ինչպես օգտվել բնակարանի ձեռքբերման ծրագրից. երեխա ունեցող ընտանիքները ծրագրից օգտվելու համար պետք է դիմեն բանկ

19 Մայիս, 2020 15:42
Ինչպես օգտվել բնակարանի ձեռքբերման ծրագրից. երեխա ունեցող ընտանիքները ծրագրից օգտվելու համար  պետք է դիմեն բանկ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին:

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության  առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվ մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու եւ ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

Երկու երեխաներ ունենալու դեպքում՝ անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որն կավելանա ընտանիքում առկա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ եւս 5-ական մլն. դրամով:

Քաղաքացու կողմից կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանի արժեքի առնվազն 10 %-ն է,  առաջնային շուկայից ձեռքբերվող գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը:

Մարզային բնակավայրերում ձեռքբերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի եւս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6 մլն դրամ։

Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։

Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Նշենք, որ 2020 թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն  նախատեսվել է դրամական աջակցություն 245 շահառուի համար:

Ուշադրություն. Ծրագիրը մեկնարկում է 2020 թ-ի հուլիսի 1-ից: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն դիմել պետք չէ: Քաղաքացին պետք է դիմի այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որից պատրաստվում է հիպոտեքային վարկ վերցնել:

 

Լրահոս

Դիտել ավելին