Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի պաշտպանները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

19 Մայիս, 2020 14:46
Ամուլսարի պաշտպանները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝  կոչ անելով ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից: Ի աջակցություն Ջերմուկի բնակիչների՝  դիմումին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն եւ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բանկից արդեն հաստատել են դիմումի ստացումը:

Դիմումում նշված է. «Մենք՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից ներքոստորոգրյալներս, գտնվում ենք Ամուլսարի ծրագրի  ազդեցության տակ (Lydian Extension project, 2016, #48579): Ծրագիրն  առաջ է տանում «Lydian International» ընկերությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին մենք դիմում ենք ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ բանկի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը եւ հաստատված սկզբունքներին Ամուլսար ծրագրի համապատասխանության ստուգում նախաձեռնելու նպատակով: Ծրագրի կատարողը՝ «Lydian International» ընկերությունը, ՀՀ նախկին կառավարության օգնությամբ եւ ՎԶԵԲ-ի ֆինանսական ու բարոյական աջակցությամբ չի կիրառել միջազգային լավ չափանիշներ՝ ազդեցություն գնահատելու եւ ծրագրի ազդակիր մարդկանց հետ բովանդակալից/առարկայական խորհրդակցություններ անցկացնելու եւ տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու համար:

Մենք կարծում ենք, որ ՎԶԵԲ-ը՝ որպես «Լիդիան»-ի ներդրող, չի ապահովել ծրագրի համապատասխանությունը բանկի բնապահպանական եւ սոցիալական քաղաքականության հետ: Արդյունքում, ՎԶԵԲ-ին եւ իր հաճախորդին՝ «Lydian International» ընկերությանը, չի հաջողվել պատշաճ կերպով պաշտպանել մեր բնությունը (ջրերը, օդը, հողը եւ վայրի բնությունը), մեր համայնքի առողջությունը եւ ապրուստը (այգիները, արոտավայրերը եւ սննդի արտադրությունը) եւ Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրի, այդ թվում՝ Ջերմուկ առողջարանի, տնտեսությունը (հիմնված բժշկական, գյուղական, էկոլոգիական  տուրիզմի եւ հանքային ջրերի արտադրության, մաքուր գյուղատնտեսության վրա):

2014թ. արդեն իսկ բողոքներ ներկայացվել են ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակ (ՀԱՊԽ):  ՀԱՊԽ-ը բողոքը փակել է հետեւալ եզրակացությամբ. «ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի պատասխանը համապատասխանության ապահովման հետաքննությանը միայն մասամբ է անդրադարձել համակարգային մակարդակում արված բացահայտումներին, եւ չի անդրադարձել նախագծի մակարդակում արված բացահայտումներին:

Բայցեւայնպես, ՀԱՊԽ-ն որոշել էր փակել Լիդիանում ՄՖԿ-ի ներդրումներին վերաբերող երկու գործերն էլ՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ-ն որեւէ ընթացիկ ներդրում այդ ընկերությունում չունի եւ ՄՖԿ-ն ունի որոշում՝ չմասնակցել նախագծի մակարդակում որեւէ պատասխան գործողությունների իր նախկին հաճախորդի կամ բողոքաբերների հետ»:

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը մեր բողոքները համարել է «վաղաժամ», քանի որ այդ փուլում ՎԶԵԲ-ը ներդրել էր միայն օգտակար հանածոների հետախուզման համար (DIF Lydian, 2009, #42182), եւ հանքարդյունաբերության ծրագիրը դեռ չէր հաստատվել (Lydian Amulsar Gold Mine - Extension, 2016, #48579): Եթե անգամ մեր բողոքի մերժումն ընթացակարգային առումով հիմնավորված էր, մենք բաց թողեցինք անկախ ստուգման անցկացման հնարավորությունը եւ ծրագրի ազդակիր համայնքների դիրքորոշման քննարկումը ծրագրի վերաբերյալ: Այսպիսով, սա բաց թողնված հնարավորություն էր՝ տեղեկացնելու ՎԶԵԲ-ին համալիր գնահատման անհրաժեշտության մասին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին