Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը քննարկում է բաց տարածքում դիմակ չունենալու դեպքում տուգանքի չափը 10 հազար դրամ դարձնելու հարցը

19 Մայիս, 2020 12:22
 Խորհրդարանը քննարկում է բաց տարածքում դիմակ չունենալու դեպքում տուգանքի չափը 10 հազար դրամ դարձնելու հարցը

Այսօր՝ մայիսի 19-ին,  Ազգային ժողովը քննարկում է նախագիծ, որով  առաջարկվում է  մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ինչպես նաև նույն հոդվածի 10-րդ մասից առաջարկվում է հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները բառերը: Միևնույն ժամանակ առաջարկվում է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Փոխնախարարն ընդգծեց, որ  ներկայումս օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների խախտման , այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով:

«Ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, օրինակ՝ բաց տարածքներում դիմակի առկայությունը, որոնք համադրելի չեն, ասենք, կոնտակտավոր անձի կողմից մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով վերջինների հանրային վտանգավորությունը: Հետևաբար՝ ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումների համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,-ասաց Վահե Դանիելյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին