Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ի նկատմամբ անհարգելի վերաբերմունքը պատժելի է`ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն. ինչ է սպասվում պատգամավորին. «Ժողովուրդ»

19 Մայիս, 2020 09:25
ՄԻՊ-ի նկատմամբ անհարգելի վերաբերմունքը պատժելի է`ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն. ինչ է սպասվում պատգամավորին. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է.

«Մայիսի 12-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ թիմակիցների համար տարօրինակ ելույթ էր ունեցել։ Վաղարշակ Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի ներկայացման օրը հանկարծ սկսեց «գոռգոռալ». «21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար», – նշել էր նա:

Ավելի ուշ Արման Թաթոյանը բացատրեց. «Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքի պաշտպանությանը եւս կա նվիրված բաժին»: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի այն մեղադրանքներին, թե՝ «մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, էլ չեմ ասում` կանանց մասին ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, եւ Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է», ապա ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Օմբուդսմենի գրասենյակը պաշտպանում է քաղաքացիներին իշխանությունից, այլ ոչ թե հակառակը՝ հորդորելով չսպառնալ իրեն:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 332.3-ը սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Սա նշանակում է, որ պատգամավորի արարքը, ըստ էության, չպետք է անհետեւանք մնա:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյոք ընթացք է տրվելու պատգամավորի ելույթում տեղ գտած մտքերի հետ կապված, թե դրանք կդիտարկվեն վիրավորանք կամ ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Տեսանյութը ընդհանուր դիտարկման ենթարկվել է, դրանում պատգամավորի կողմից ՄԻՊ-ին ուղղված առերեւույթ սպառնալիք պարունակող արտահայտությունների վերաբերյալ տվյալներ չեն եղել: Բացի այդ, ՀՀ դատախազությունը չի ստացել ՄԻՊ-ին սպառնալիք հասցնելու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում»: Իսկ, ահա, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մեր բոլոր հեռախոսազանգերն ու նամակները թողեց անպատասխան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին