Կարևոր իրադարձություններ

Խնայողությունների հաշվին իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի առաջին մասնաշենքի դիմային մասի նորաոճ լուսավորում․ Տիգրան Գալստյան

18 Մայիս, 2020 21:02
Հեղինակ՝ Տիգրան Գալստյան
Խնայողությունների հաշվին իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի առաջին մասնաշենքի դիմային մասի նորաոճ լուսավորում․ Տիգրան Գալստյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախ համավարակով պայմանավորված սահմանափակումներից՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2020թ. ընթացքում պլանավորել և հիմնականում իր ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հաշվին հետևողականորեն իրականացնում է հետևյալ ծրագրերը․

1. Փոխարինվում են անորակ և երկարատև շահագործման արդյունքում վերջնականապես մաշված, մշտապես բազմաթիվ վթարների պատճառ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, արտաքին ջերմագծերը և կաթսայատան որոշ սարքավորումներ։ Մրցույթի անցկացման փուլն ավարտված է, աշխատանքները շուտով կմեկնարկեն։

2. Ամբողջովին վերանորոգվում է կոռոզիայի ենթարկված և վնասված ինժեներական հանգույցներով վթարային շենք հիշեցնող 5 հարկանի ավտոկանգառի և տրանսպորտային միջոցների սպասարկման շենքը։ Ավտոկանգառը հնարավորություն կտա բեռնաթափել Դեմիրճյան փողոցը, որտեղ մեծաքանակ մեքենաների կանգառի պատճառով հաճախ խցանումներ են առաջանում։ Վերանորոգումը կավարտվի 10 օրից։ Նախատեսվում է նաև կառուցել նոր բացօթյա ավտոկանգառ։

3. Աշխատանքային ժամանակակից պայմաններ են ստեղծվում Փորձագիտական և վերլուծական վարչության համար։ Որպես վերլուծական կենտրոն ծառայելու համար նախատեսված այս միջավայրը հագեցած կլինի նորագույն տեխնիկական և ծրագրային միջոցներով։ Աշխատանքները սկսված են, ավարտը նախատեսվում է 2 ամսից։

4. Ստեղծվելու է էլեկտրոնային գրադարան, որտեղ հնարավոր կլինի օգտվել միջազգային և տեղական թվայնացված գրականությունից։ Տեխնիկական միջոցներն արդեն իսկ ապահովված են․ բանակցություններ են ընթանում էլեկտրոնային տարբեր գրադարանների նյութերի հասանելիության թույլտվության ստացման ուղղությամբ։

5. Իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի առաջին մասնաշենքի դիմային մասի նորաոճ լուսավորում։ Արտաքին տեսքի դիզայնն արդեն որոշված է, և կազմված է նախահաշիվ։ Շուտով կհայտարարվի աշխատանքների իրականացման բաց մրցույթ։

2020թ․ համար ունենք ևս մի քանի ծրագիր, որոնք նոր ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով ստացված ֆինանսական միջոցների առկայության դեպքում նպատակադրված ենք անպայման իրականացնել։ Նշեմ նաև, որ ՀՀ Ազգային ժողովն իր բյուջեից (ի լրումն վերոնշյալի) արդեն իսկ խնայել և պետական բյուջե է փոխանցել 503 մլն ՀՀ դրամ»։

 

Լրահոս

Դիտել ավելին