Կարևոր իրադարձություններ

«Վշտից հույս է ծնվում». գյումրեցի ուսուցիչ Մարտին Փաշայանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևի

17 Մայիս, 2020 18:00
«Վշտից հույս է ծնվում». գյումրեցի ուսուցիչ Մարտին Փաշայանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևի

Գյումրու N10 դպրոցի նախկին տնօրեն, ֆրանսերենի ուսուցիչ Մարտին Փաշայանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» սպայի շքանշան` ֆրանսիական մշակույթի տարածման գործում ունեցած բազմամյա ավանդի համար:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և դեսպանության մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը այցելել են Գյումրի` 74-ամյա ուսուցչի բնակարան ու պարգևատրել նրան: Մարտին Փաշայանը դպրոցահասակ տարիքից ապրում է ֆրանսերենով ու ֆրանսիական մշակույթով: Նրա ճաշասենյակ մտնելուն պես՝ Ազնավուրի դիմանկարն է ողջունում հյուրերին, քիչ այն կողմ` Էյֆելյան աշտարակն  ու Նապոլեոն Բոնպարտի փոքրիկ կիսանդրին են ուշադրություն գրավում: Վաստակաշատ ուսուցիչն ասում է՝ Մոլիերի լեզվի հանդեպ սերը դպրոցական աթոռից է սկսվել ու չի վերջանում: Համոզված է՝ «Ֆրանսերենը թռիչքի լեզու է: Ֆրանսերենը ապրելու արվեստ է»:

 
 

Արդեն տասը տարի թոշակի անցած Մարտին Փաշայանի արցունքները չորացել են, բայց վիշտը չի մոռանում: Նախքան 1988-ի դեկտեմբերի 7-ը Գյումրու N10 դպրոցի ֆրանսերենի գծով ուսմասվարն էր: Մի քանի րոպեում կյանքն ամբողջովին փոխվեց: Ավերիչ երկրաշարժի հետևանքով կորցրեց կնոջն ու 2 զավակներին: Փլատակների տակ գտավ նաև իր 299 աշակերտի դիերը, ցուցանիշը սարսափեցնող էր՝ դպրոցում ընդհանուր 424 երեխա կար:

Պատմում է` դժբախտության քառասունքի օրը որոշեց շարունակել ապրել, իսկ նրան առաջ շարժվելու ուժ տվեց ավերակների վերածված դպրոցի վերակառուցման  գաղափարը: Գնաց Ֆրանսիա գործընկերներ ու աջակիցներ գտավ: Արդյունքում` Ֆրանսիայի մշակույթի և ֆրանկոֆոնիայի այդ ժամանակվա նախարար Ժակ Թուբոյի մասնակցությամբ 1994-ին տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը: Եվս մի քանի տարի և 1999-ին դպրոցն իր դեռները վերաբացեց 1700 աշակերտի առջև, որտեղ նաև անօգնականներին հոգեբանական ու մարդասիրական աջակցություն էին ցուցաբերում:

 

Տարիների ընթացքում ֆրանսիական մշակույթին նվիրված Մարտին Փաշայանի նախաձեռնությամբ դպրոցի բարեկամներ դարձան Մարսելի, Գրենոբլի, Իսլի-լե-Մուլինոյի պատգամավորներն ու մի շարք ֆրանսախոս կազմակերպություններ` դպրոցը դարձնելով Գյումրիի ֆրանկոֆոն օջախներից մեկը: Դեսպան Լաքոտի համոզմամբ՝ այդ ամենը տեղի ունեցավ Փաշայանի հույսի, ֆրանսերենի ու դասավանդման հանդեպ նվիրվածության շնորհիվ: Թեև սա Փաշայանի և իր առաջին հանդիպումն էր, բայց ֆրանսերենի ուսուցչի հերոսական քայլերի մասին իմացել է «Քառասունքի երդումը» ինքնակենսագրական գրքից, որը  շարադրել է ֆրանսահայ լրագրող Պասկալ Մագեզյանը:

 
 

«Ձեր հավատը չկորցնելը, Ձեր կատարած ջանքերը Գյումրու վերածննդի մասնակիցն են: Մենք ցանկանում ենք, որ Ձեր հույսը վարակիչ լինի ինչպես ամբողջ Գյումրու, այնպես էլ մեզ համար, քանի որ Ձեր վճռականությունը մեզ էներգիա է փոխանցում, որ աջակցենք ֆրանսերենի տարածմանն ու գոտեպնդենք Հայաստանին իր զարգացման ճանապարհին»,- իր ելույթում ընդծեց դեսպան Լաքոտը: Հավելեց, որ 1988 թվականի աղետի ցնցումը հասավ մինչև Ֆրանսիա, իսկ այդ ժամանակ մի շարք ֆրանսիացիներ, այդ թվում նաև ինքն առաջին անգամ բացահայտեցին Հայաստանը:

 

Լրահոս

Դիտել ավելին