Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,23
    6,48

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին անհիմն մեղադրանքով կալանավորվել է․ Արա Զոհրաբյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկած քաղաքացու կալանավորման մասին

16 Մայիս, 2020 13:16
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
Քաղաքացին անհիմն մեղադրանքով կալանավորվել է․ Արա Զոհրաբյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկած քաղաքացու կալանավորման մասին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՅԴ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

«Հեծանիվի վրաերթի» գործով Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն բանի համար, որ «Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ»:

Ամենևին գնահատական չտալով Արթուր Ալեքսանյանին վերագրվող արարքի բարոյական կողմին, թե արդյո՞ք ընդունելի է պատգամավորին սեռական բնույթի հայհոյանք տալ կամ սպառնալ (եթե այդպիսի բան տեղի է ունեցել), սույն հրապարակմամբ, որպես փաստաբան, ցանկանում եմ իրավաբանական հանրույթի ուշադրությունը հրավիրել մի վտանգավոր երևույթի վրա:

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՅԴ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Այս նորմից հետևում է, որ անկախ նրանից, թե իրավունքի մյուս ճյուղերում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հասկացությունն ինչ իմաստ է արտահայտում, քրեական օրենսգրքի իմաստով ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ պետական մարմնում ծառայող այն անձն է, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Սա նշանակում է, որ պետական այն ծառայողի մասին է խոսքը, որը կարող է կատարման ենթակա հանձնարարություններ տալ այլ անձանց, որոնք իր հետ ծառայողական ենթակայության մեջ չեն գտնվում: Օրինակ, վարչարարություն իրականացնող պաշտոնատար անձը քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ քրեական օրենսգրքի իմաստով չի կարող հանդիսանալ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, քանի որ չունի կարգադրիչ լիազորություն: Օրինակ՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէր կարող քաղաքացի Արթուր Ալեքսանյանին պարտադիր կատարման ենթակա կարգադրություն կամ հանձնարարություն տալ:

Հետևաբար, Արթուր Ալեքսանյանին չէին կարող վերը նկարագրված դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրել և կալանավորել:

Հ.Գ. Եթե այս հայտարարության հետ քրեական հետապնդման մարմինը համաձայն չէ, ապա երկակի ստանդարտներից հեռու մնալու համար նույն կերպ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրելու հարցը քննարկեր Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպառնալիքների մասով:

Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածում նկարագրված արարքի հետ կապված քրեական հետապնդումն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով: Այսինքն անկախ տուժողի բողոքից քրեական հետապնդումը պետք է իրականացվեր»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին