Կարևոր իրադարձություններ

«Այնքան անհանգստանալը չի, ինչքան որ չեմ հասկանում ի՞նչ ա նշանակում՝ ամիսներով թողել»․ Ալիկ Սարգսյանը պնդում է՝ ՀՔԾ-ից հրավեր չի եղել

15 Մայիս, 2020 14:28
«Այնքան անհանգստանալը չի, ինչքան որ չեմ հասկանում ի՞նչ ա նշանակում՝ ամիսներով թողել»․  Ալիկ Սարգսյանը պնդում է՝ ՀՔԾ-ից հրավեր չի եղել

«Ըտենց բան չկա, ինձ չեն կանչել, զանգ չի եղել, հրավեր չի եղել։ Չգիտեմ, ինչի մասին ա խոսքը»։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե ինքն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն և այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել և որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: 

Մեր ճշտող հարցին, թե ինքը դիմե՞լ է Հատուկ քննչական ծառայություն, նախկին ոստիկանապետն ասաց․ « Ինձ չեն կանչել, երբ որ կանչեն, նոր պարզ կլինի։ Դեռ ոչ մի անգամ չեն հրավիրել էս ամբողջ ընթացքում։

Դիտարկմանը, թե անհանգստացա՞ծ է, որ ՀՔԾ-ից հրավեր չի ստացել, Ալիկ Սարգսյանն ասաց․ «Այնքան անհանգստանալը չի, ինչքան որ չեմ հասկանում, ի՞նչ ա նշանակում, ամիսներով թողել։ Կարծում եմ՝ կհրավիրեն, չգիտեմ»։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարի՝ 2019թ․ սեպտեմբերի 25-ին։

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի հանջձնարարությամբ իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել հանձնարարությունները կատարելուն:

Մեղադրանքի մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին