Կարևոր իրադարձություններ

Դավիթ Գրիգորյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ փաստաբան

15 Մայիս, 2020 13:06
Դավիթ Գրիգորյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ փաստաբան

Դատավոր Դավիթ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրությանը։

«Շուրջ մեկ տարի է արդեն Դավիթ Գրիգորյանը մեղադրյալի կարգավիճակում է։ Նրան մեղադրանք առաջադրվել է քաղաքական հետապնդման շրջանակներում։ Մեղադրանքի բովանդակությանն անդրադառնալ անգամ չեմ ցանկանում, քանի որ դա ծիծաղելի է»,- ասաց Վարոսյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր։ Այս մասին նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։  

Փաստաբանն Երվանդ Վարոսյանի խոսքով՝  Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է Ռոբերտ Քոչարյանի գործով նրա կայացված որոշումների հետևանքով և այսօր էլ շարունակվում է այդ պատճառով։

Փաստաբանից փորձեցինք ճշտել, դատավորի՝  քաղաքական հետապնդման ենթարկվելը կապված է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմա՞ն հետ, Վարոսյանն ասաց

«Դուք հետևե՞լ եք Դավիթ Գրիգորյանի կողմից այդ որոշումը կայացնելուց հետո տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին, եթե հետևել եք կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը ունեք նաև Դուք»։

«Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել ։ Ես՝ որպես իրավաբան փաստում եմ՝  ուշ թե շուտ, Դավիթ Գրիգորյանն արդարացվելու է, իսկ այն անձիք, ովքեր նրան ապօրինի քրեական հետապնդման են ենթարկել, դատապարտվելու են՝ իրենց արած հանցագործությունների համար»,- ասաց փաստաբանը։

Վարոսյանն ասաց՝ իրենց հետագա քայլերը կապված են վարույթն իրականացնող մարմնի գործողություններից․ « Իրավական բոլոր միջոցներով պաշտպանելու եք անմեղ անձի շահերը։ Անմեղ անձ Հայաստանում չպետք է դատապարտվի, հատկապես՝ 21-րդ դարում, հատկապես իր կայացրած որոշումների համար, հատկապես քաղաքական իշխանության ցուցումներով»։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին