Կարևոր իրադարձություններ

«Հարցրել ա՝ խի՞ եք խփում, ասել են՝ տենց ա պետք, լավ ենք անում». Ավանի հոգեբուժարանում բուժաշխատողները հիվանդին ծեծի են ենթարկել. քաղաքացին ահազանգում է

14 Մայիս, 2020 17:35
«Հարցրել ա՝ խի՞ եք խփում, ասել են՝ տենց ա պետք, լավ ենք անում». Ավանի հոգեբուժարանում բուժաշխատողները հիվանդին ծեծի են ենթարկել. քաղաքացին ահազանգում է

Այսօր՝ մայիսի 14-ին, Shabat.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի՝ հայտնելով, որ Ավանի հոգեբուժարանում իր եղբորը դաժանաբար ծեծի են ենթարկել: 

«Եղբայրս պայմանագրային զինծառայող էր, մասնակցել է քառօրյա պատերազմին: Պատերազմի ընթացքում իր ընկերոջը աչքի առաջ խփել են, ընկել ա իրա վրա և  հենց դրանից վախեցել ա ու ստացել հոգեկան խանգարումներ: Այս տարվա ապրիլի 28-ին տեղափոխեցինք Ավանի հոգեբուժարան՝ ստացիոնար բուժում ստանալու համար, սակայն եղբորս հետ վատ են վարվել ու ծեծի ենթարկել: Բուժաշխատողի (ոմն Թևան) և այնտեղի հիվանդներից մեկի միջև վիճաբանության է բռնվել, սկսել է այլանդակ բառերով խոսել, հայհոյել և քաշքշել: Եղբայրս տեսել ա, փորձել միջամտել, բայց արդյունքում Թևանն ու բուժաշխատողներից էլի մեկը հարձակվել են եղբորս վրա ու ծեծել : Հարցրել ա ՝ խի՞ եք խփում, ասել են՝ տենց ա պետք, լավ ենք անում»,- նշում է մեր զրուցակիցը:

Ըստ մեզ դիմած քաղաքացու՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, բայց ինքը հետո է իմացել այդ մասին իր եղբորից:

«Միջադեպից հետո խոսեցի հոգեբուժարանի ղեկավարության հետ, բայց դե հո չէին ասելու՝  հա, գիտեք, ախպորդ ծեծել ենք, ասացին ընկել ա, բայց էդ ընկնելու բան չէր, դեմքի վրա ազատ տեղ չկար: Մայիսի 11-ին ես իրեն դուրս եմ հանել հոգեբուժարանից»,- նշեց ծեծի ենթարկվածի եղբայրը:

Հարցին՝ արդյո՞ք ծեծի ենթարկված հիվանդը հոգեբուժարանում ստացել է համապատասխան բուժում, նա ասաց՝ ոնց տարել է, էդպես հետ է բերել: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հոգեկան խանգարում է ախտորոշված վերջինիս եղբոր մոտ, մեզ հայտնեց՝ դիագնոզը չեն հիշում: Մեր խմբագրությանը դիմած քաղաքացին դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն,  ըստ իր խոսքի, գործին ընթացք չի տրվել, քանի որ տուժողը գրել է ՝ բողոք չունի:

«Եղբայրս ասում ա ՝ իրեն վախացրել են, ասել են՝ գիտենք, թե որտեղ ես ապրում, կնիկ, երեխա ունես: Անգամ ասել են ՝ ներողություն խնդրի, թե չէ վատ կլինի, դրա համարել էլ բողոք չի ներկայացրել»,- պարզաբանեց տուժողի եղբայրը:

Դեպքի հանգամանքները պարզելու համար զանգահարեցինք Ավանի հոգեբուժարան, սակայն բացի օպերատորից մեր զանգերին ոչ ոք չպատասխանեց: Կապ հաստատեցինք տեղի բժիշկներից մեկի հետ, որը բուժել է տուժողին, սակայն վերջինս մեզ ուղորդեց զանգահարել բժշկական կենտրոն և խնդրել տնօրենին, քանի որ ինքը չի ուզում մեկնաբանել:

Հարցին՝ արդյո՞ք հոգեբուժարանում հիվանդին սպառնացել են, վերջինս պատասխանեց. «Էստեղ ոչ մեկ ոչ մեկին չի սպառնում, էս էդ տեղը չի: Մարդիկ դիմել են ոստիկանություն, թող իրենք էլ որոշեն՝ ով է մեղավոր, ով չէ»:

Փորձեցինք կապ հաստատել ոստիկանության այն բաժանմունք, որտեղ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել: Մեզ փոխանցեցին, որ գործը դեռ ընթացքի մեջ է, այլ տեղեկություններ չեն կարող տալ:

Նշենք, որ ծեծի ենթարկվածը 35 տարեկան է, նախկին պայմանագրային ծառայող:

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին