Կարևոր իրադարձություններ

Մանդատը վայր դնելով՝ ճանապարհ երիտասարդ կադրերի՞ն, թե՞ նոր պաշտոն. ինչու՞ է Աշոտ Ղուլյանը պատգամավորական մանդատը վայր դրել

14 Մայիս, 2020 13:55
Մանդատը վայր դնելով՝ ճանապարհ երիտասարդ կադրերի՞ն, թե՞ նոր պաշտոն. ինչու՞ է Աշոտ Ղուլյանը պատգամավորական մանդատը վայր դրել

Հիմա որոշել է՝ պետք է երիտասարդ պատգամավորներին ճանապարհ բացել: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ-ի արդեն նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի խոսնակ Յանա Ավանեսյանը՝ անդրադառնալով նրա հրաժարականին:

«Ինքը մինչև քարոզարշավն իր առաքելությունն ԱԺ-ում արդեն ավարտված էր համարում, վերջին 15 տարիներին  եղել է խորհրդարանում և՛ որպես պատգամավոր, և՛ ԱԺ նախագահ»,- նշեց խոսնակը:

Հարցին՝ որոշել է քաղաքականությունից դու՞րս գալ, խոսնակը նշեց՝  իհարկե ոչ:

«Ինքը Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարն է առայժմ: Կուսակցությունից փոխնախագահներն են անցել ԱԺ, այսինքն ցուցակով ինքն առաջինն էր, փոխնախագահները՝ երկրորդ-երրորդը: Պրն. Ղուլյանն ինքնաբացարկ է հայտնել, որ երկրորդ և երրրորդ համարները , համապատասխանաբար, գան նորընտիր ԱԺ»:

Ըստ խոսնակի՝ Ղուլյանը կզբաղվի քաղաքականությամբ, կուսակցաշինությամբ և կպատրաստվի արդեն գալիք բոլոր ընտրություններին: Սակայն սրան զուգահեռ նկատենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝  Արցախում արտգործնախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների անուններ՝ Մասիս Մայիլյան և Աշոտ Ղուլյան: Այս համատեքստում հարց է առաջանում՝  Ղուլյանն իսկապե՞ս ուզում է մանդատը վայր դնելով ճանապարհ տալ երիտարադ կադրերին, թե՞ նոր պաշտոն է խոստացված: Խոսնակից հետաքրքրվեցինք հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա Աշոտ Ղուլյանը: Վերջինս նշեց.

«Դեռ որևէ հստակ բան չկա այդ առումով: Ինչպես ընտրություններից հետո, այնպես էլ հիմա պրն. Ղուլյանը կուսակցության անունից և կուսակցական գործընկերների հետ քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում: Հանդիպումներ են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, հետագայում պարզաբանումներ կմտնեն, թե ինչ դիրքում հանդես կգա կուսակցությունը»:

Անդրդառնալով Աշոտ Ղուլյանին Արցախի արտգործնախարար նշանակելու լուրերին՝ խոսնակն ասաց, որ առայժմ նման խոսակցություններ չկան, եթե լինեն ,ապա կլինեն հրապարակային:

Հիշեցնենք, որ նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին