Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց

13 Մայիս, 2020 17:20
Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նկստը հետաձգվեց։

Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։Բացի այդ  Հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հետաձգելու դատական նիստը կորոնավիրուսի տարածման ռիսկերից խուսափելու համար, ինչի մասին տեղյակ չէր պատասխանող կողմը՝ ի դեմս փաստաբան Գևորգ Գյոզալյանի: Վերջինս նշեց, որ միջնորդությունը ընդհանրապես չպետք է քննվի, քանի որ հայցվոր կողմը չարաշահել է իր իրավունքները:

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին:

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը պահանջել էր վարչապետից այս խոսքերը հաստատող անհերքելի ապացույցներ ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:
 
Դրանից հետո վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որն իրեն էր նվիրել Թովմասյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ու նշել, որ Թովմասյանն այդ օրն իրեն դիմել էր բացառապես «Պարոն վարչապետ ջան» և «Պարոն Փաշինյան ջանով»:

Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին