Կարևոր իրադարձություններ

Ըստ վարչապետի՝ ռազմավարությունը պետք է լինի ոչ թե տանը փակվելը, այլ առօրյայում կանոնները պահելը

13 Մայիս, 2020 15:20
Ըստ վարչապետի՝ ռազմավարությունը պետք է լինի ոչ թե տանը փակվելը, այլ առօրյայում կանոնները պահելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս համոզվեց, որ հակահամաճարակային կանոնները հաճախ չեն պահպանվում, շեշտեց՝ ռազմավարությունը պետք է լինի այն, որ մարդիկ ոչ թե տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները:  Փաշինյանն այս մասին ասաց Երևանում շրջելիս «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ միացմամբ:

«Որոշեցի դուրս գամ փողոց, տեսնեմ, թե ինչ է կատարվում: Եվ առավոտյան հայտնածս տպավորությունները լրիվ հաստատվեցին: Իհարկե, քաղաքում  բավականին լավ տրամադրություն է, դա լավ է: Բայց մենք խնդիր ունենք հակահամաճարակային կանոնները պահելու հետ: Բայց առաջին հերթին գաղափարական խնդիր եմ տեսնում: Քայլելիս ազդակներ ստացա, մարդկանց շրջանում տարածված է, թե դա սուտ է, սարքած է, անիմաստ աղմուկ է: Այսպիսի հայտարարություններով ֆոն է ստեղծվում, որ մարդիկ զգոնությունը կորցնեն»,-նկատեց Փաշինյանը:

Քաղաքացիների մի մասը վարչապետին հորդորել է կանոնները խստացնել, մի մասն էլ՝ հանել արգելքները, հասարարական տրանսպորտի գործունեությունը թույլատրել: Վարչապետը նկատեց՝ այս հարցում բանաձևեր չկան, բոլոր երկրներում էլ նույն խնդիրը կա, որոշակի շփոթվածություն կա, թե որ միջոցառումն է պետք է մինչև վերջ և անմնացորդ շարունակել: Դա բավականին բարդ թեմա է, քանի որ ունի սոցիալական տնտեսական բաղադրիչ, քաղաքական, տնտեսական բաղադրիչ: «Մեզ համար ակնհայտ է, որ ցավոք այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի: Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ ոչ թե մարդիկ տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները: Եվ պետք է փորձենք վարչական լծակներ օգտագործել, որ մարդիկ հակահամաճարակային կանոնները պահեն, որպեսզի նաև տնտեսությունն աշխատի, մարդիկ աշխատեն: Սա այն թրենդն է, որով գնում ենք առաջ: Առանցքային գործոնը շարունակում է մնալ մեզնից յուրքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,-ասաց Փաշինյանը:

Դեպքեր են եղել, որ մի ընտանիքի անդամներից մեկը վարակվել է, մյուսները՝ ոչ: Վարչապետը նկատեց՝ նրանք իրենց անհատական կարգապահությամբ կարողացել են այդ խնդիրը լուծել: «Պետք է խստացնենք միջոցները՝ կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու: Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ապա նաև պետք է պարտադիր լինի: Բայց չենք կարող կիսակյանքով ապրել, պետք է լիարժեք կյանքով ապրենք, ինչը չի նշանակում, թե բոլորս պետք է անկաշկանդ վարակվենք ու վարակենք ուրիշներին»,-նշեց նա ու մեկ անգամ ևս հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։

 

Լրահոս

Դիտել ավելին