Կարևոր իրադարձություններ

Ուժային կառույցների աշխատակիցները իմանալով, որ հարկ վճարողների ցանկում չեն երևալու՝ օգտվել են կառավարության 9-րդ ծրագրից․ խոսնակ

13 Մայիս, 2020 13:11
Ուժային կառույցների աշխատակիցները իմանալով, որ հարկ վճարողների ցանկում չեն երևալու՝ օգտվել են կառավարության 9-րդ ծրագրից․ խոսնակ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագիրը նախատեսված էր բացառապես չաշխատող քաղաքացիների համար, այլ կերպ ասած՝ գործազուրկների, սակայն  ծրագրից օգտվել են ուժային կառույցների աշխատակիցները։

«Իրավունք» թերթն այսօր գրել էր, որ ոստիկանության աշխատակիցները, պայմանագրային զինծառայողները, որոնք ստացել են այդ գումարները այժ նրանց պարտադրում են վերադարձնել։

«Կառավարության որոշման կարգի խախտում է այն, որ այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար դիմել են աշխատող քաղաքացիները և ստացել են աջակցությունը»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանն ասաց, որ ուժային կառույցների աշխատակիցների  անձնական տվյալները գաղտնի է, այսինքն որևէ տեղ այս քաղաքացիների անհատական տվյալները չկան, և չեն երևում Պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների ցանկում։

 «Քաղաքացիները հստակ իմանալով, որ որևէ կերպ չի կարող հավակնել՝ ստանալ այս աջակցությունը, լրացրել է աջակցության դիմումը, շատ լավ պատկերացնելով, որ ՊԵԿ-ի հարկ վճարողների ցանկում չեն գտնվելու և համակարգը իրեն չի մերժելու այդ հիմքով։ Քաղաքացիները շրջանցելով կարգը և անազնիվ գտնվելով դիմել են և ստացել են աջակցությունն այն պարզ պատճառով, որ դիմումը, երբ գնացել է ՊԵԿ՝ նույնականացման,  քաղաքացու անուն ազգանունը և այլ անձնական տվյալները ՊԵԿ-ի բազաներում չլինելու հիմքով ուղղակի չի մերժվել։ Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ գործատուները հետ են պահանջում ստացված գումարները, այս մասով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ ասելիք չունի։ Նախարարությունը որևէ բան հետ չի պահանջել, որովհետև նման իրավասություն չունի, ելնելով կառվարության համապատասխան որոշումից»,- ասաց սոցապ նախարարության մամուլի քարտուղարը։

Shabat.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ծրագիրը նախատեսված է չաշխատող ծնողների համար, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն համարվում չաշխատող․ «Կոչ է արվել՝ ով սխալմամբ, պատահական,  շահառու է դարձել, բայց շահառու չէ, գումարները պետք է վերադարձնի»։

Ահարոնյանն ասաց, որ տվյալներ չունեն, թե ոստիկանության քանի աշխատակից է օգտվել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից։

Հիշեցնենք, որ  կառավարության կողմից տրամադրվող սոցիալական այս ծրագրից կարող են օգտվել 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Աջակցության չափը յուրաքանչյուր երեխայի համար 26,500 դրամ է։  

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին