Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությանը

12 Մայիս, 2020 19:50
Կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությանը

Այսօր՝ մայիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին:

Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի ընթացքում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Կառավարության օժանդակության գործիքներից օգտվել են զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, սպասարկման, ծառայությունների մատուցման, շինարարության, առողջապահության և այլ ոլորտների ընկերությունները: Պատասխանատուներն ընդգծել են, որ հաշվի առնելով արդեն վերջին օրերին նկատվող միտումները՝ հատկապես տնտեսությունում իրացվելիության ապահովման խնդիրը կարելի է համարել լուծված:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ իրականացված միջոցառումների հասցեականությունը գնահատվում է բարձր, ծրագրերից օգտվողների թիվը նույնպես մեծ է եղել: Դրա վկայությունն է այն, որ ծրագրերից օգտվելու հայտերի թիվը կտրուկ նվազել է:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների խթանմանը, այդ հարցում համապատասխան մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին