Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախում է. արդյո՞ք պաշտոնների հարց է քննարկվում

12 Մայիս, 2020 17:07
ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախում է. արդյո՞ք պաշտոնների հարց է քննարկվում

Երեկվանից համացանցում ակտիվ շրջանառվում է՝  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի  Արցախ մեկնելու հարցը, իսկ ահա այսօր  մամուլը գրեց, թե Գրիգորյանին գործուղել են Արցախ որպես «դեսանտ»: Վերջինս այս պահին  աշխատանքային այցով է Արցախում, սակայն նկատենք, որ ԱԽ քարտուղարը մայիսի 13-ից 19-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձակուրդը կանցկացնի Արցախում և ՀՀ ղեկավարությանը կզեկուցի այնտեղ կատարվելիքի մասին: Սրա հետ մեկտեղ նկատենք, որ  համաձայն մամուլում տեղ գտած լուրերի ՝  Արցախում թեժ պայքար է գնում  արտգործնախարարի պաշտոնի համար և ասեկոսեների համաձայն հիմնական թեկնածուն Մասիս Մայիլյանն է:  Shabat.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակի հետ, հասկանալու համար, թե ինչ նպատակով են հանդիպել Արցախի նախագահն ու ՀՀ ԱԽ քարտուղարը, և արդյո՞ք հանդիպումը ունի քաղաքական ենթատեքստ: Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, նշեց՝ դա հանդիպում չի եղել, այլ՝ շրջայց:

«Երեկ պրն. Գրիգորյանն ու պրն. Հարությունյանը միասին այցելել են Արցախի Հանրապետության հարավային հատված: Այցը նախապես եղել է պլանավորված, օրակարգը հստակ՝ պարենային անվտանգության խնդիրներ,  դրանից դուրս որևէ ուրիշ հարց չի քննարկվել:Դա ոչ թե հանդիպում է եղել, այլ՝ շրջայց հարավային թևով՝ Քաշաթաղի և Հադրութի շրջաններ»,- նշեց Վահրամ Պողոսյանը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են քննարկվել, Պողոսյանն ասաց.

«Քննարկվել է կոնկրետ տնտեսական նախագծերի իրականացման ,այդ հատվածի զարգացման նախագծեր: Ես ներկայացրել եմ այն ինչ եղել է օրակարգում, իսկ օրակարգից դուրս մեկնաբանությունները՝  կա՛մ շահարկվում են, կա՛մ երևակայական խոսքեր են»,-ասաց վերջինս:

Անդրդառնալով նոր պաշտոններին, մասնավորապես՝ Մասիս Մայիլյանի Արցախի արտգործնախարար  նշանակվելուն, Արայիկ Հարությունյանի խոսնակը ընդգծեց, որ այս պահին  որևէ որոշում չկա.

«Որոշումների մասին հասարակությանը կոնկրետ տեղյակ է պահվելու մայիսի 21-ից հետո՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո: Այս պահի դրությամբ որևէ մեկի հետ և որևէ քաղաքական ուժի հետ պաշտոնների հարց չի քննարկվում»,- եզրափակեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Աննա Ղազարյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին