Կարևոր իրադարձություններ

«Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար». «Փաստ»

12 Մայիս, 2020 08:57
«Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է:

«Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին:

Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ:

Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:

«Երիտասարդական պալատի սեփականաշնորհման գործընթացում ինձ համար դեռ մինչ այսօր անհասկանալի հարցեր են մնացել: Նախ՝ այն սեփականաշնորհվեց կոպեկներով, նաև վերակառուցման ինչ-որ նոր նախագծեր ներկայացրեցին, որոնցից և ոչ մեկը չընդունվեց ու չսիրվեց ժողովրդի կողմից:

Ի վերջո, այն պարզապես քանդեցին, և երկար տարիներ Երիտասարդական պալատի տարածքն անօրինական, առանց լիցենզիայի ծառայեց որպես բազալտի մշակման տեղ:

Ըստ պայմանագրի, պետական ներդրումային ծրագիր պետք է լիներ, 5 մլն դոլար գումար պետք է ներդրվեր երիտասարդական պալատն արդիականացնելու նպատակով: Դրա փոխարեն, սակայն, շենքը քանդեցին ու գրեթե 8 տարի քաղաքի կենտրոնում բազալտե խիճ էին աղում»,-ասաց նա:

Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար:

«Մենք այդ փուլին դեռ չենք մոտեցել, որովհետև իրականում կան բազմաթիվ խնդիրներ: Այդ տարածքը օգտագործելու ժամանակ բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Այդ բարձունքը խիճ աղալու հետևանքով մոտ 10-12 մետր իջել է: Կա խնդիր այդ բարձունքը նաև վիզուալ տեսքով վերականգնելու առումով: Բացի այդ, կան մի շարք փոխկապակցված խնդիրներ, որոնք դեռ հնարավորություն չեն տալիս վերջնական հասկանալ, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ:

Բայց մենք կմոտենանք այդ փուլին: Երբ վերսկսենք մեր աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքում կկարողանանք հայտարարել, թե որքան գումար և ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անահիտ Թարխանյանը նշեց, որ վերջերս Երիտասարդական պալատի վերաբերյալ իրենց հիացմունքն են հայտնել նաև օտարերկրյա մասնագետները:

«Հայկական մոդեռնիզմի թանգարանի բացման նախօրեին Շվեյցարիայից շատ մեծ խումբ ճարտարապետներ էին ժամանել Հայաստան: Երբ նրանք թանգարանում տեսան Երիտասարդական պալատի նկարները, ասացին՝ «Երիտասարդական պալատը քանդելը հավասարազոր կլիներ Էյֆելյան աշտարակը քանդելուն»:

Ես ամբողջությամբ համամիտ եմ ճարտարապետների հետ, որովհետև Երիտասարդական պալատն այնքան համահունչ էր միջավայրին ու այնքան ճիշտ ձևով էր կառուցված, որ, ի վերջո, դարձավ Երևանի խորհրդանիշը: Այն շատ մեծ դեր ուներ, այն մի մեծ հարթակ էր, ուր միավորվում էին երիտասարդները:

Մի կողմից՝ շատ ազգային էր՝ իր ներքին ծավալատարածական լուծումների տեսանկյունից: Մյուս կողմից՝ ժամանակակից ու արդիական, հայտնի իր պտտվող սրճարանով: Այն հայերի նաև ինժեներական մտքի նվաճումն էր:

Երիտասարդական պալատով մենք մի քանի տարվա մեջ միջազգային ճարտարապետության մեջ դարձանք առաջատարներից մեկը:

Հիմա դժվար է հասկանալ, թե հատկապես որոնք էին այն հիմնական պատճառները, որ այդքան սիրված դարձրին շինությունը: Դժվար է ասել, բայց այն իսկապես խորհրդանիշ դարձավ ու առաջին իսկ օրվանից սիրվեց ժողովրդի կողմից: Երիտասարդական պալատի այդ կարևորությունը մենք այսօր էլ ենք զգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին