Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    519,5
    535,5

  • RUB

    6,57
    6,97

Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է մայիսի 9-ին Աղստև գետն ընկած ավտոմեքենան․ ներսում՝ վարորդի դին․ ԱԻՆ

11 Մայիս, 2020 18:56
Հայտնաբերվել է մայիսի 9-ին Աղստև գետն ընկած ավտոմեքենան․ ներսում՝ վարորդի դին․ ԱԻՆ

Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 փրկարար ծառայող։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Աշխատանքներին ներգրավվել է Դիլիջանի քաղաքապետարանի երկու ծանր տեխնիկա, մեկ վերամբարձ կռունկ, ինչպես նաև՝ փրկարարների և ջրափրկարարների կողմից որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են հատուկ միջոցներ և սարքավորումներ:

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների՝ Իջևանի հատվածում գետի հոսքի արագությունը կազմում է 149 խմ/վրկ, Դիլիջանի հատվածում՝ 27,3 խմ/վրկ, իսկ ջրի մակարդակը Իջևանի հատվածում բարձրացել է 1,6 մետր, Դիլիջանի հատվածում՝ 1,28 մ, Խաշթառակ գյուղի մոտակայքում գետը դուրս է եկել ափերից, ինչը կարող է հանգեցնել նաև գետում առկա քարերի տեղաշարժի:

Մոտ 40 կիլոմետր երկարությամբ շարունակվում են գետում որոնողական աշխատանքները. ԱԻ նախարարի հրամանով ժամը 14:00-ից որոնողական աշխատանքներին ներգրավվել են ևս 22 փրկարար ծառայող:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Գանձաքար գյուղի 10 բնակիչ: 

Ժամը 16։40-ին ավտոմեքենան հայտնաբերվել է։

Փրկարարները և ջրափրկարարները վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և, մասնատելով ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենա է ընկել Աղստև գետը։

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ժիրայր Ա.-ն (ծնված 1979թ.) «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:

Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները՝ ոստիկանների և տեղի բնակիչների հետ մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 21:42-ին աշխատանքները դադարեցվել են անարդյունք. ավտոմեքենան չի հայտնաբերվել (ենթադրվում է, որ գետը քշել-տարել է):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին