Կարևոր իրադարձություններ

Կարամ ձեռքերս պարզեմ՝ «կանդալները» գցեք, ռուսի նման նորից դատեք․ ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ հայտնվել է Հայաստանի դատարանում

11 Մայիս, 2020 14:37
Կարամ ձեռքերս պարզեմ՝ «կանդալները» գցեք, ռուսի նման նորից դատեք․ ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ հայտնվել է Հայաստանի դատարանում

Ռուսաստանի Դաշնությունում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ կանգնել է Հայաստանի դատարանի առջև։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի  նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը Հարությունյանին մեղավոր է ճանաչել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով՝ տրանսպորտային միջոց վարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին ը ՌԴ Մոսկվա քաղաքում իր վարած «ԿամԱԶ»-ով երթևեկելու ժամանակ վթար էր թույլ տվել, որի հետևանքով 18 մարդ մահացել էր, մյուսները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 4 տարի 1 ամիս ՌԴ-ում պատիժ կրելուց հետո,  2017թվականին ՀրաչյաՀարությունյանը տեղափոխվել էր Հայաստան՝ հետագա պատիժը Հայաստանում կրելու նպատակով: 

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի հուլիսի 11-ին  որոշում էր կայացրել՝ Հրաչյա Հարությունյանին պայմանական-վաղաժամկետ ազատել հիմնական պատժի մնացած մասը կրելուց, նրա նկատմամբ նշանակվել էր փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, և նա ազատ էր արձակվել:

Հարությունյանի  նկատմամբ սահմանված լրացուցիչ պատիժը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից  3 տարով զրկվելը, շարունակել է մնալ օրինական ուժի մեջ:

Պայմանական-վաղաժամկետ ազատումից հետո Հրաչյա Հարությունյանը ստացել է վարորդական իրավունքի վկայական, բայց , փաստացի մեքենա վարելու իրավունք չունի:

«Ասում են՝ ավտո մի քշի, ես էլ ասում եմ՝ բա ես ուրիշ աշխատանք չունեմ, բա ինչ անեմ, եթե չքշեմ։ Ասում են՝ զրկված ես, զրկված եմ, բայց Ռուսաստանն ա զրկել, հո դուք չե՞ք զրկել։ Ռուսաստանն ամեն ինչ ա արել, էսօր նա սխալ տեղն էլ զրկել ա։ Ես իմ տույժը կրել եմ, իսկ ստեղ ասում են՝ չէ, դուք զրկված եք, տուգանք են նշանակում»։,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանը։

Հարությունյանն ասաց, գումարը չի կարող վճարել, քանի որ աշխատանք չունի։ Փաստաբանի օգնությանը չի դիմել, բայց մտածում է  Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու մասին․ «Մոսկվայից ինձ լրագրողները խաբար արեցին, որ Ռուսաստանում ինձ արդարացրել են։ Դատավորն ասաց, որ եթե նման բան կա, թող փաստաբանները գան, բողոքեն, վրիցդ կհանեն սաղ, ինչ կա։ Ասում եմ՝ պարոն դատավոր, մարդիկ մարդ են սպանում, տանում են իրանց երկրի մեջ գեներալի կոչում են տալիս, ինձի պետք չի գեներալ տալ, բայց գոնե իմ հետևից մի ընգեք, թողեք աշխատեմ՝ տունս պահեմ»։

Մեր զրուցակցի խոսքով՝ չէր պատկերացնում, որ Հայաստանում իր նկատմամբ այդպես կվարվեն, այդ պատճառով էլ չի դիմել անգամ փաստաբանների օգնությանը։

 «Մենակ տուգանք գրելով չի։ Սկի չենք կարում տուն պահենք, թոշակառու մարդ, փոքր երեխա ունենք։ Մարդիկ երկու-երեք ամիս չեն աշխատել։ Ես ակտեր ունեմ, բայց չեմ աշխատում, թող էդ ակտերն էլ տանեն մուծեն, ով ուզում է։ Ասել եմ, եթե ընգել եք հետևիցս էդ կարգի, կարամ ձեռքերս պարզեմ՝ «կանդալները» գցեք, ռուսի նման նորից դատեք։ Եթե ազգը էսքան վիզ դրեց, բերեց հասցրեց ստեղ, ու մի քանի հոգի հիմա ընգել եք իմ հետևից, որ ես չաշխատեմ, իմ տունը չպահեմ, հարց չկա»,- ասաց Հրաչյա Հարությունյանը։

Հրաչյա Հարությունյանը 1 տարի 6 ամիս ժամկետով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին