Կարևոր իրադարձություններ

Հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ․ «Ժառանգություն»

08 Մայիս, 2020 15:49
Հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ․  «Ժառանգություն»

 «Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ 

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է այսօր՝  մայիսի 8-ին, մեր մեծ հաղթանակների օրը, ՀՀ ԱԺ նիստում տեղի ունեցած վտանգավոր միջադեպը, որի ընթացքում քննադատական խոսք հնչեցնող պատգամավորի հասցեին հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ և որակումներ, որից հետո հավասարակշռությունը կորցրած ՀՀ պատգամավորներն հախուռն անցան ձեռնամարտի:

Ցավով ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ ամբիոնից մեծամասնության գնահատականին հակադրվող յուրաքանչյուր դիրքորոշում արժանանում է կոշտ մերժման, ընդ սմին՝ քաղաքական ընդդիմախոսներին հակափաստարկներով տարհամոզելու փոխարեն գործի են դրվում անձնական վիրավորանքները և փողոցին հարիր պիտակավորումները: Տասնամյակներով ցավալիորեն ծանոթ այս վարքագծի հետքերը վաղուց են ի հայտ եկել, չարժանանալով պատշաճ գնահատականի՝ այսօր դրանք դարձել են գերիշխող՝ փորձելով ճնշել այլակարծությունը և ազատ խոսքի իրավունքը:

Իբրև խորհրդարանական աշխատանքի հարուստ փորձ ունեցող կուսակցություն, որը նախորդ վարչակազմի իշխանության օրոք միշտ եղել է գաղափարական փոքրամասնություն և արժանացել հարվածների իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով՝ «Ժառանգությունը» նշում է, որ հեղափոխության արդար ալիքի շնորհիվ իշխանության եկած ուժը՝ հանձինս  վարչապետի, ԱԺ բարձրագույն ղեկավարության, «Իմ քայլը» խմբակցության, պետք է կրի կատարվածի ողջ պատասխանատվությունը, անհապաղ քաղաքական և պետական գնահատական տա՝ այսուհետ բացառելով քաղաքական ընդդիմախոսների հետ նման կերպ վարվելու փորձերն իսկ: Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա: Հապաղել չի կարելի, նախկինների վարքագիծը քայլ առ քայլ վերականգնվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին