Կարևոր իրադարձություններ

Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որեւէ բան չեն թաքցնում. Մարուքյան. «Իրատես»

08 Մայիս, 2020 09:35
Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որեւէ բան չեն թաքցնում. Մարուքյան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո:

Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է դարձել՝ իշխանություններն անկեղծ են բոլորի հետ: «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որեւէ թուղթ չկա, որեւէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որեւէ բան չեն թաքցնում»,- մանրամասնել է «կլասիկ» քաղաքական գործիչը:

Առաջին անգամ չէ, որ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները հանդիպում են բոլորի աչքից հեռու, փակ դռների հետեւում: Մոտ մեկ տարի առաջ էլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ էր հանդիպում ունեցել, ինչից հետո ԼՀԿ-ականները, որպես արդարացում, նշում էին, թե Փաշինյանը «սեյֆում» եղած-չեղածի հետեւից էր եկել, որ մնացել էր «Ելք» խմբակցության եղած ժամանակներից:

Երբեմնի թիմակիցները փակ դռների հետեւում սրճախմության ժամանակ, բացի բանակցային թեմայից, խոսել են նաեւ երեխաների, ընտանիքների որպիսության մասին ու, ըստ երեւույթին, հիշել գինի խմելու ու ղափամա ուտելու ժամանակները, ինչից հետո, ի դեպ, ձեւավորվեց «Ելք» դաշինքը: Թե ինչ կարող է լինել դառը սուրճ վայելելուց հետո, Փաշինյանին ու Մարուքյանին է հայտնի:

Եթե իշխանության պարագայում ինչ-որ առումով հասկանալի է գաղտնի հանդիպումների ձեւաչափը, ապա իրեն «կլասիկ» ընդդիմություն հռչակողը պետք է հասկանա՝ գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին